Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր G-դասը

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը ԱՄՆ Դետրոյթ քաղաքում ընթացող ավտոշոուի շրջանակներում ներկայացրել է լեգենդար G դասի նոր մոդելը։

Գերմանացիները ռիսկի չեն դիմել և մեծամասամբ պահպանել են մեքենայի դիմագծերը։ Նոր մոդելի չափերը մեծացել են, այն ավելի լայն է և երկար։ Կատարելագործվել են նաև մեքենայի աէրոդինամիկ հատկությունները։

Զգալի փոփոխություններ է կրել մեքենայի ներքին դիզայնը, որը դարձել է ավելի արդիական և շքեղ։ Մեքենայում տեղադրվել է 12.3″ անկյունագծով կառավարման մոնիտոր և 16 բարձրախոսով Burmester աուդիոհամակարգ։

Մեքենան առաջարկում է վարման 5 եղանակ՝  Comfort, Sport, Individual, Eco և G mode:

Comfort-ը նախատեսված է հանդարտ և հարմարավետ ընթացք նախընտրողների համար, Sport-ը՝ արագ և սուր զգացողություններ պարգևող ընթացքի։ Individual ռեժիմը վարորդին թույլ է տալիս անձամբ կատարել մեքենայի կարգավորումները, իսկ ECO ռեժիմը ապահովում է վառելիքի նվազագույն ծախս։ G mode ռեժիմը նախատեսված է արտաճանապարհային ընթացքի համար։

Սկզբում նոր G դասը հասանելի կլինի biturbo V8 4.0 լիտր ծավալով շարժիչով, որը կապահովի 422 ձիաուժ հզորություն։

Եվրոպայում մեքենան վաճառքում կհայտնվի 2018թ. հունիսին, գինը՝ սկսած 107,000 եվրոյից։

Share