Բաժին. Բիզնես

FAST հիմնադրամի ներդրողների ոչ ֆորմալ ցանցը կզարգացնի հայաստանյան ստարտափերը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծում է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցը (Science and Technology Angels Network – STAN): «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներդրողների ոչ ֆորմալ ցանցը նպատակ ունի խթանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում գործող հայաստանյան ստարտափերում համատեղ ներդրումները և ներկայացնել միջազգային լավագույն փորձը: Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրողներ և ձեռնարկատերեր Հայաստանից և արտերկրից, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ կհատկացնեն հայաստանյան ստարտափերին, այլև կցուցաբերեն խորհրդատվական օժանդակություն, հանդես կգան որպես մենթորներ և կուղղորդեն անհրաժեշտ կապերի հաստատման հարցում:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար:

FAST-ն ապահովում է ցանցի և ստարտափերի միջև կապերի հաստատման և զարգացման հնարավորություններ, կազմակերպում է փիչինգ (pitching) և այլ միջոցառումներ, ցուցաբերում է իրավաբանական աջակցություն, իրականացնում ստարտափերի համալիր գնահատում:

Share