Բաժին. Բիզնես

Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյան. Ցանկացած ընկերություն կարող է նկարագրել իր գինին՝ ներկայացնելով, որ այն արտադրվել է կարասի մեջ

«Կարաս»-ը Հայաստանում մենաշնորհ չի ցանկանում ունենալ․միակ նպատակը սեփական ապրանքանիշը պահպանելն է

«Կարաս» ապրանքանիշով հանդես եկող «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը չի խոչընդոտում շուկայում այլ ընկերություններին «կարաս» բառն օգտագործել, այլ պարզապես դեմ է այն որպես նրանց ապրանքանիշ կիրառելուն: Ապրանքանիշում նույն  բառի օգտագործումը շփոթություն է առաջացնում «Կարաս»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերության գլխավոր տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը փաստում է՝ ընկերությունն ամենևին չի ցանկանում շուկայում մենաշնորհ ունենալ:

«Ընկերության հիմնադիր Էդուարդո էռնեկյանի՝ իմ քեռու նպատակը ի սկզբանե եղել է ներդրում կատարելը, Հայաստանում աշխատատեղ ստեղծելը, ինչպես նաև ստեղծել մի արտադրանք, որով Հայաստանը կհայտնվի աշխարհի գինի արտադրողների քարտեզում: Մենք չենք ցանկանում շուկայում մենաշնորհ ունենալ, պարզապես ուզում ենք  պաշտպանել ապրանքանիշի մեր հեղինակային իրավունքները: Սակայն վերջերս խոսակցություններ էին հասնում մեզ, որ «Զորահ կարասի» ապրանքանիշով գինիները շփոթում են «Կարաս»-ի հետ»,-ասաց տնօրենն ու նշեց, որ անգամ ինքը մի անգամ պատվիրել է «Կարաս», փոխարենն իրեն բերել են «Զորահ կարասի»:

Նրա խոսքով՝ իրենք լուրջ ուսումնասիրությունների վրա են հիմնվում՝ ասելով, որ անվանումը շուկայում սպառողների համար շփոթմունք է առաջացնում: Շփոթմունքը պարզելու համար խոսել են «Զորահ կարասի» ապրանքանիշով ներկայացող «Սակի և սանս» ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանի հետ: Սակայն, քանի որ լուծման չեն հասել, փորձել են դա անել իրավական ճանապարհով: «Ցանկացած ընկերություն կարող է նկարագրել իր գինին՝ ներկայացնելով, որ այն արտադրվել է կարասի մեջ: «Կարաս» բառն իհարկե կարող են օգտագործել, սակայն ոչ որպես ապրանքանիշ: Այն կարող է լինել նշված, օրինակ, որպես այդ գինու պատրաստման եղանակ»,-նշեց Ագիլա-Էռնեկյանը:

Յուրաքանչյուր գործարան ունի իր աշխատելաոճը և ուրույն արտադրանքը, և շատ կարևոր է, որ սպառողը չշփոթի դրանք: Մարդը հստակ պետք է իմանա, թե ինչ արտադրանք է գնում: «Ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, չկա նաև մրցակցության խնդիր, «Զորահ կարասի» գինիները համարում եմ ֆանտաստիկ արտադրանք, սակայն նաև չեմ ուզում, որ այն շփոթեն մեր արտադրանքի հետ: Չենք ուզում, որ այլ ընկերությունները գինի չարտադրեն և չենք ուզում մենաշնորհ ստեղծել, այլ պարզապես՝ պահպանել մեր ապրանքանիշը»,-եզրափակեց նա: 

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն դատական գործընթացի մեջ է` «Սակի և սանս» ընկերությանը «Զորահ կարասի» ապրանքանիշով գինու պիտակին «կարաս» բառը նշելու թույլտվության համար։

«Կարաս»-ն Արմավիրի մարզի հյուսիսային մասում հիմնադրված գինու գործարան է: Դրա թողարկումը թույլ է տվել նոր ուղի բացել հայկական գինիների արտադրության մեջ:

Share