Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. Հայկ Ֆարամազյանը վարպետության դաս է անցկացրել «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակնում

Մարտի 1-ին «Այբ» դպրոցում անցկացվող «Հաջողության Բանաձև» նախագիծը հյուրընկալել էր Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների՝ «Ռոստելեկոմ» Հայաստանի  գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանին։

«Ռոստելեկոմ»-ի ղեկավարը վարպետության դասի ընթացքում հյուրերի հետ կիսվեց հաջողության իր բանաձևով՝ ներկայացնելով ՏՀՏ ոլորտում շուրջ 20 տարվա կուտակած իր փորձառությունը, բիզնեսի ստեղծման ու առաջխաղացման, ինչպես նաև հաջողության ճանապարհին դժվարությունները հաղթահարելու հմտություններով։

«Նախքան որևէ գործ սկսելը յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ դերակատարում է ցանկանում ունենալ՝ լինել վարձու աշխատակից, թե՝ հիմնադիր, և պատկերացնի սեփական տեղը համակարգում։ Յուրաքանչյուր կառավարիչ, գործարար հասնում է հաջողության` օգտագործելով սեփական մեթոդները, ունենալով սեփական երազանքներն ու տեսլականը և, եթե նայենք աշխարհի ամենահաջողակ գործարարների օրինակներին, ապա կարելի է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրը իր հաջողության կերտողն է, իր իսկ ուրույն ուրվագծով։ Դա է պատճառը, որ պետք է բաց լինել նորարարությունների և նորամուծությունների համար անկախ գործունեության ոլորտից ու տեսակից»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։

Ֆարամազյանի խոսքով, չնայած, որ բիզնես վարելու ունիվերսալ կանոններ չկան, սակայն կան բիզնեսի կայացման որոշակի փուլեր:

Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ բիզնեսի կայացման առաջին կարևոր փուլը հենց բիզնեսի գաղափարի մշակումն է, որի ընտրության ժամանակ պետք է երազել, ունենալ ոգեշնչող, բայց միևնույն ժամանակ նաև իրագործելի գաղափարներ։

Սեփական ընկերության զարգացման հերթական փուլերում անհրաժեշտ է ձևավորել բիզնեսի զարգացման իրատեսական ու կշռադատված ռազմավարություն, ձևավորել վստահելի և պրոֆեսիոնալ անձնակազմ, ստեղծել պայմաններ նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի աշխատակիցներն իրենց հարմարավետ զգան ընկերության էկոհամակարգում:

Խոսնակի կողմից մատնանշված հաջորդ կարևոր փուլերից մեկը՝ կայունացման գործընթացն է, որի ընթացքում անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացումը, երբ ամեն ինչ լավ է, և անընդհատ ընդլայնվելուն չձգտել, քանի որ ընկերությունը կարող է անդունդում հայտնվել՝ տարված խոշորացման ու զարգացման մոլուցքով:

Այս ամենով հանդերձ՝ հեռահաղորդակցության ոլորտի ամենադինամիկ զարգացող ընկերության ղեկավարը նշեց, որ միշտ պետք է պատրաստ լինել խնդիրների ու խոչընդոտների և առանց ավելորդ էմոցիաների շարժվել առաջ, գաղափարակիցների ու գործընկերների աջակցությամբ վստահ հաղթահարել բոլոր մարտահրավերները:

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share