Բաժին. Բիզնես

Յանդեքսը սկսել է Երևանում «չափել» խցանումները

Յանդեքսը սկսել է տասը բալանոց համակարգով գնահատել Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը: Նավիգատորում և Յանդեքս․Քարտեզներում հայտնվել է լուսացույց, որը բալերով գնահատում է ընդհանուր ճանապարհային իրավիճակը: 0-3 բալ՝ ճանապարհներն ազատ են, 4-6 բալ՝ երթևեկությունը ծանրաբեռնված է, 7-10 բալ՝ լուրջ խցանումներ են:

Խցանումների վերաբերյալ տեղեկատվությունը թույլ կտա արագ գնահատել ճանապարհների իրավիճակը և պլանավորել ձեր ուղևորությունը: Օրինակ՝ մարդիկ, նայելով լուսացույցին, կարող են որոշել՝ մի փոքր էլ մնալ աշխատավայրում, թե խցանումները շրջանցող ճանապարհներ որոնել: Նաև կարող են ստուգել, թե ինչպես է եղանակը կամ տոնական օրն անդրադարձել ճանապարհային իրավիճակի վրա:

Նախքան խցանումների բալային գնահատման համակարգի գործարկումը՝ Յանդեքսն ուսումնասիրել է, թե ինչպես է փոփոխվում իրավիճակը Երևանի փողոցներում: Աշխատանքային օրերին քաղաքում խցանումները սկսում են կտրուկ աճել առավոտյան ժամը յոթից: Ժամը 8:30-ին մոտ ճանապարհների ծանրաբեռնվածությունը հասնում է առավոտյան պիկին՝ 5-6 բալ: Այնուհետև փողոցներում երթևեկությունը փոքր-ինչ թեթևանում է, սակայն արդեն 12:30-ին մոտ խցանումները կրկին հասնում են առավոտյան պիկի մակարդակին: Կեսօրին ծանրաբեռնվածության նման աճը բնորոշ չէ քաղաքների մեծ մասին, որտեղ գործում է Յանդեքս.Խցանումներ ծառայությունը: Երեկոյան, երբ մարդիկ վերադառնում են աշխատանքից, իրավիճակը կտրուկ բարդանում է: Վարորդների համար ամենաբարդը 17:30-18:40 ընկած ժամանակահատվածն է, երբ խցանումները հասնում են 7-8 բալի: Երևանում, ինչպես նաև քաղաքների մեծ մասում, երեկոյան պիկ ժամը տևում է ավելի երկար և անցնում է ավելի լարված, քան առավոտյան:

Խցանումների քանակի առումով աշխատանքային օրերը Երևանում միմյանցից գրեթե չեն տարբերվում, իսկ հանգստյան օրերին առավոտյան և երեկոյան պիկ ժամեր չեն լինում: Սակայն շաբաթ օրերին՝ 11:30-19:00 ընկած ժամանակահատվածում, խցանումներն աճում են մինչև 4-5 բալ, ինչը շատ քիչ է զիջում աշխատանքային օրվա կեսօրին նկատվող ծանրաբեռնվածությանը: Կիրակի օրերին ճանապարհները 1-2 բալով համեմատաբար ավելի ազատ են, և Յանդեքս.Խցանումների լուսացույցը հազվադեպ է ցույց տալիս երեք բալից ավելի:

Յանդեքսը 2015 թվականին Հայաստանում գործարկել է Քարտեզներ և Նավիգատոր ծառայությունները: Մեկ տարի անց հայտնվեցին Երևանի առաջին մանրամասն համայնապատկերները, և գործարկվեց Յանդեքս․Տաքսին, որը մայրաքաղաքից բացի հասանելի է նաև Վանաձոր, Գյումրի ու ևս տասնմեկ քաղաքներում: 2017 թվականին Յանդեքսը հայերեն թարգմանեց Յանդեքս․Քարտեզներ խմբագրի ինտերֆեյսը, ինչպես նաև բացեց Ծրագրավորման անվճար դպրոց Վանաձորում և Գյումրիում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share