Բաժին. Բիզնես

Լոռու մարզում կառուցվող համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստի գոտին կունենա 12 ճոպանուղի

ՀՀ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխով ձգվող Փամբակ լեռնաշղթայում՝ Մայմեխ լեռան մոտ կառուցվելու է համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստի գոտի, որը կխթանի էկոտուրիզմն ու լեռնադահուկային սպորտը. կենտրոնի ստեղծման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց ապրիլի 6-ին և հայտարարվեց, որ 2019 թվականի դեկտեմբերից կենտրոնը կկարողանա զբոսաշրջիկներ ընդունել։

«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք նպատակ ունեն Հայաստանում ստեղծել եզակի հանգստյան գոտի, որը կգործի ամբողջ տարի։ Տարածքը կազմելու է 584 հա, որը ներկայիս Անտառաշեն համայնքն է և նրա հարակից տարածքները։

«Կենտրոնը ներդաշնակ ձևով կհամատեղի լեռնադահուկային սպորտն ու էկոտուրիզմը։ Ծրագրի նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել դահուկորդների յոթ հմտության դասակարգմանը համապատասխան սահուղիներով։ Տվյալ հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային միջոցառումներ անցկացնելու համար»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ պատրաստվում են ստեղծել օրական մինչև 9800 այցելուի պատշաճ ընդունման և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հանգստյան գոտում կիրառվել են ամենաժամանակակից լեռնադահուկային սարքավորումներ, ներառյալ բարձրակարգ հոնդոլային վերելակներ, որոնք հնարավորություն կընձեռեն ընդամենը 8 րոպեում հասնել լեռան գագաթ։ Այդ տարածությունը կազմելու է 1200 մետր։ Հոնդոլային ճոպանուղիները լինելու են 10 տեղանոց, ինչպես նաև  6 նստատեղով ճոպանուղիներ, սկսնակների տարածքում՝ երկու շարժական գորգ։

«Հանգստյան գոտում ստեղծվելու են նաև այնպիսի հնարավորություններ, որպեսզի այն գործի ամբողջ տարի՝ ապահովելով և՛ ձմեռային, և՛ ամառային սպորտային ծրագրեր ու ատրակցիոններ։ Մենք կառուցելու ենք մինչև 70 կմ ընդհանուր երկարությամբ դահուկային սահուղիներ»,- տեղեկացրեց Մհեր Բաղդասարյանը և հավելեց, որ տեղանքն ընտրվել է բավականին երկար ուսումնասիրությունների արդյունքում։

Հանգստի գոտին գտնվում է Վանաձոր քաղաքից 10 կմ հեռավորության վրա, իսկ Շիրակի միջազգային օդանավակայանից՝ ընդամենը 60 կմ։ Այդ փաստը հետագայում կհեշտացի զբոսաշրջիկների տարածք հասնելը։

Լեռնադահուկային կենտրոնում կառուցվելու է 12 ճոպանուղի և միաժամանակ կարողանալու է սպասարկել 15 հազար 160 դահուկորդի։

«Սահուղիների կառուցման համար կատարվել են մի շարք ուսումնասիրություններ և վերլուծություններ, որի արդյունքում ընտրվել է Վանաձորի մերձակա հատվածը։ Բոլոր ուղիները տեղակայված կլինեն 1700-3500 մ բարձրության վրա։ Բարձրությունների տարբերությունը կկազմի 1350 մ, իսկ թողունակությունը՝ 1570 մարդ օրական։ Առաջին 5 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 30 կմ երկարությամբ սահուղիներ։ Հետագայում նախատեսվում է 70 կմ երկարությամբ սահուղիներ և նոր լեռնադահուկային լանջերի ձևավորում»,- ասաց «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ-ի տնօրենը։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, կարևորելով այս ներդրումային ծրագիրը, նշեց, որ կնպաստի մարզի տնտեսության աշխուժացմանը։

«Լինելով արդյունաբերական մարզ՝ Լոռին ունի լուրջ հեռանկարներ տուրիզմի զարգացման առումով։ 2017-2025 թվականների մարզի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ ներառել ենք զբոսաշրջությունը որպես կարևորագույն ճյուղ։ Լեռնադահուկային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը նշանակալի է, և մենք ամեն ինչ կանենք, որ այն կյանքի կոչվի մեր մարզում։ Համոզված եմ, որ մեր տարածաշրջանի բնակիչները կլինեն օգտվողների ցանկում»,- ընդգծեց Լոռու մարզպետը։ 

Ծրագրի իրականացումով կստեղծվի ավելի քան 1500 աշխատատեղ։ Շինարարական առաջին փուլում նախատեսվում է կառուցել սրճարաններ, հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ, դահուկի վարձույթի կետեր և այլն։

«Բացի լեռնադահուկային կենտրոնից, ստեղծվելու է նաև զիփլայն, ապահովվելու է բուֆերային գոտի, ինչպես նաև կառուցվելու է «Մայմեխ բազա», ճանապարհ և այլ կոմունիկացիաներ՝ շեշտադրումներ անելով տեղի բնակչության վրա: Կկիրառվի նաև ուսումնական ծրագիր մի շարք մասնագիտություններով՝ դահուկային մարզիչներ, ինժեներ-մեխանիկներ, փրկարարներ։ Վանաձորում ստեղծվելու է լեզվաբանական կենտրոն, որտեղ ուսուցանելու են պարսկերեն, ռուսերեն, անգլերեն»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Ճոպանուղու ski pass-ը մեկ օրվա համար կլինի 18 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մինչև 10 տարեկան երեխաները կկարողանան անվճար օգտվել։ Մեկ անգամ ճոպանուղուց օգտվելը կարժենա 1500-2000 դրամ, ինչպես նաև կգործի ճկուն զեղչային համակարգ։

Լիլիթ Դեմուրյան

Share