Բաժին. Բիզնես

Էլեկտրոնային ստորագրություն՝ բջջային հեռախոսի միջոցով․ Հայաստանում ներդրվում է Mobile ID համակարգը

Հայաստանում ներդրվում է բջջային հեռախոսի միջոցով առցանց տիրույթում անձը նույնականացնելու և էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 6-ին կայացավ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (Moble ID կամ mID) ներդրման թեստային տարբերակի շնորհանդեսը: Համակարգը, որի օպերատորն ու հետագա տեխնիկական սպասարկողը «Նիկիտա Մոբայլ» ընկերությունն է, թույլ կտա ստորագրություն դնել ցանկացած վայրում և ցանկացած բջջային հեռախոսի միջոցով` առանց նույնականացման քարտի և հատուկ սարքավորումների: Ծրագրի իրականացման կողմերից մեկի` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ փոխտնօրեն Մկրտիչ Գրիգորյանի խոսքով` դեռևս նախորդ տարվա մայիսին կառավարությունը խնդիր էր դրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային հարթակներում մատուցվող ծառայությունները հասանելի դարձնել նաև բջջային տարբերակով: «Այս համակարգի շնորհիվ քաղաքացին հնարավորություն կունենա առցանց եղանակով դիմում, արձանագրություն, հաշվետվություններ ներկայացնել` առանց տվյալ հաստատություններ մուտք գործելու: Նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը Հայաստանում վաղուց օգտագործվում է, իսկ բջջային տարբերակն էլ ավելի կթեթևացնի մարդկանց կյանքն ու պետական մարմիններից ծառայությունների ստացումը»,-ասաց Մկրտիչ Գրիգորյանը:

Փորձնական տարբերակը հասանելի կլինի սահմանափակ թվով օգտատերերի և էլեկտրոնային ծառայություն մատուցողների համար, մասնավորապես, mID գործիքը հնարավոր կլինի կիրառել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ գործարքներ կատարելիս: Հետագայում այն կներառի նաև մասնավոր հատվածը, այդ թվում` բանկային համակարգը:

Ծրագրի փորձարկումն, ըստ ԷԿԵՆԳ-ի փոխտնօրենի, կարող է տևել ոչ ավելի, քան 1-2 ամիս, որի ընթացքում վեր կհանվեն առկա թերությունները, բացթողումները, չնախատեսված դեպքերը: Դրանք կգրանցվեն, վերլուծության կենթարկվեն, որոնց հիման վրա կթարմացվի համակարգն ու կդրվի շրջանառության մեջ:

Ինչ վերաբերում է ծառայության արժեքին, Մկրտիչ Գրիգորյանը նկատեց, որ թվային ստորագրության ու կապի օպերատորները թեստային փուլում պետք է հասկանան, թե ինչ ծախսեր են իրականացվում: «Այո, դա լինելու է վճարովի ծառայություն` անկախ նրանից` ով կվճարի, քանի որ դա լրացուցիչ հարմարավետություն է»,-ավելացրեց պաշտոնյան: Ներկայում համակարգի շրջանակներում ներգրավված եմ Beeline և Ucom բջջային օպերատորները, բայց, ինչպես վստահեցրեց ԷԿԵՆԳ-ի փոխտնօրենը, ծառայությունը պետք է մատուցել ՀՀ բոլոր քաղաքացներին, անկախ նրանցի, թե որն է նրա բջջային կապի օպերատորը:

Ինչպես ստանալ ծառայությունը

Ծառայությունը ձեռք բերելու համար քաղաքացին պետք է դիմի բջջային կապի իր օպերատորին` իր մոտ ունենալով հեռախոսն ու նույնականացման քարտը, որը պետք է լինի վավերականության ժամկետի մեջ: Բջջային կապի օպերատորը նույնականացնելու է անձին, գրանցելու է հանրային տիրույթում գրանցված նրա անձնական տվյալները, որից հետո քաղաքացուն տրամադրվելու է հատուկ sim քարտ` usim` արդեն իսկ ներկառուցված Mobile ID հավելվածով:

Փորձնական փուլում նախատեսվում է ծառայության ակտիվացման երկու եղանակ` առաջինի դեպքում` հնարավոր կլինի այն ակտիվացնել հենց օպերատորի գրասենյակում, երկրորդի դեպքում` քաղաքացին կարող է ինքնուրույն ակտիվացնել ծառայությունը. վերցնել քարտը Mobile ID կայքի միջոցով իրեն հարմար վայրից, հարմար պահին կատարել ակտիվացման գործողությունները: Պիլոտի ավարտին կընտրվի օգտատերերի տեսանկյունից երկու եղանակներից առավել անվտանգն ու արդյունավետը:

Անի Նազարյան

Share