Բաժին. Բիզնես

Հայ մասնագետների ՏՏ լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եթովպիայում հայ համայնքի, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Թամար Գևորգյանը, վերջին 4 տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ  և արդյունքները շատ շուտով շոշափելի կլինեն:

 ««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը, որը տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների է կրթում, կներդրվի Եթովպիայում: Այդ առնչությամբ համապատասխան պայմանավորվածություն կա Եթովպիայի Կրթության նախարարության հետ, արդեն երկու շրջան հետաքրքրված է այս փորձն իրենց դպրոցներում ներդնելու հարցով»,-ասաց Թամար Գևորգյանը:

Նա նշեց, որ Եթովպիան ունի բավական մեծ՝ 100 միլիոնանոց շուկա: Միայն մեկ շրջանում գործում է 16 հազար դպրոց: Դա խոսում է այն մասին, որ հայ մասնագետների լուծումները Եթովպիայում կիրառելու համար մեծ հնարավորություններ կան:

«Իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի  մասնագետները շատ հետաքրքիր լուծումներ են առաջարկում, որոնց կարիքը Եթովպիայում ունենք: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները դրանցից մեկն են: Արդեն պայմանավորվածություն կա, որ մինչև տարվա վերջ մոտ 10 դպրոցում այդ փորձը կներդրվի»,-տեղեկացրեց Թամար Գևորգյանը: Հայաստանի մասնագետները կաշխատեն Եթովպիայի գործընկերների հետ, կվերապատրաստվեն մեծ թվով ուսուցիչներ, այնուհետև համատեղ գործակցությամբ ծրագիրը կյանքի կկոչվի: Թամար Գևորգյանը նշեց, որ նպատակ ունեն ինժեներական լաբորատորիաների փորձը տարածել ամբողջ երկրում՝ ստեղծելով ցանց:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի մասնագետների լուծումներից առաջինը չեն, որ մուտք են գործում Եթովպիա: Թամար Գևորգյանը նշեց, որ արդեն մեկ մասնավոր հայկական կազմակերպություն իր առաջարկներով մուտք է գործել շուկա, ձեռք բերել գործընկերներ ու հաջողությամբ գործում է:

Անդրադառնալով Եթովպիայի հայ համայնքին՝ Թամար Գևորգյանը նշեց, որ այն բավական հին է: Հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ շատ հայեր Սիրիայից, Պաղեստինից, Եգիպտոսից գաղթել են Եթովպիա և հաստատվել այնտեղ: Տեղի հայերը մշտապես աչքի են ընկել իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ: Թամար Գևորգյանը նկատեց, որ ժամանակին հայերը եղել են թագավորի խորհրդականներ, աշխատել են տարբեր ոլորտներում:

Այսօր էլ այդ ավանդույթները շարունակվում են, տեղի հայերն առանձնանում են իրենց կարգապահությամբ, աշխատասիրությամբ, նվիրվածությամբ: Աշխատում են տարբեր ոլորտներում, սակայն հիմնականում ներկայացված են բիզնեսում:

«Ներկայում Եթովպիայում ապրում է մոտ 120 հայ: Այստեղ հայոց լեզվի պահպանության խնդիրն օրակարգային է: Հիմնականում տարիքով հայեր են մնացել, երեխաներ շատ քիչ կան, հետևաբար հայերեն սովորեցնելու պահանջարկ չկա: Այստեղ գործում է Ազգային Գևորգով վարժարանը, սակայն այսօր հայ ընտանիքներում աշակերտ չկա, որ գնա այդ վարժարան, այլ ազգի երեխաներ են այնտեղ սովորում: Տեղի հայերի մի մասը չի ամուսնանում, մի մասն էլ միմյանց ազգականներ են, հետևաբար այստեղ խառն ամուսնություններ են գրանցվում»,-ասաց նա:

Այս իրավիճակում Թամար Գևորգյանը կարևորեց Հայաստանի հետ կապի ակտիվացումը, այցերի շատացումը: Նա նշեց, որ փորձում են տարվա մեջ գոնե մեկ անգամ լինել Հայաստանում: Թամար Գևորգյանն անհրաժեշտություն համարեց Եթովպիայում Հայաստանի ներկայությունն ապահովելը:

«Այստեղ դեսպանատուն չունենք: Եթե դեսպանատուն բացվի, ապա շատ լավ կլինի: Այն օգտակար կլինի հայապահպանության գործում: Այժմ ինչ անում ենք մեր համայնքի ուժերով ենք անում, տարբեր միջոցառումներով փորձում ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը»,-հավելեց նա:

Աննա Գզիրյան

Share