Բաժին. Բիզնես

American Express-ը օվկիանոսներից հավաքված պլաստիկ աղբից կրեդիտ քարտեր կթողարկի

Աշխարհի մի քանի խոշորագույն ընկերություններ և կազմակերպություններ հայտարարել են, որ կբացառեն պլաստիկի օգտագործումն իրենց գործունեության մեջ։ Այս ցանկին է միացել American Express վճարային քարտերի համակարգը (AMEX), որը Parley-ի (կազմակերպություն, որը ակտիվորեն պայքարում է ծովային աղտոտման դեմ) հետ համագործակցության արդյունքում վերջերս հայտարարել է, որ կդադարեցնի պլաստմասի օգտագործումը օդանավակայանների իր սրահներում և քարտերի ստեղծման համար։

Հետևելով Parley-ի “AIR” կարգախոսին ( avoid, intercept, redesign` խուսափել, կանգնեցնել, վերափոխել)՝ American express-ը պլանավորում է մի շարք մեթոդներ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը նվազեցնելու համար։ Դրանցից մեկը կլինի օվկիանոսներից բերված աղբի վերամշակումով պլաստիկ քարտերի թողարկումը։ Նոր ստեղծվող AMEX քարտը հասանելի է լինելու եկող տարվա սկզբին։

Կազմակերպությունը պատրաստվում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների կիրառումը իր հիմնական գրասենյակներում։ Օդանավակայանների Centurion սրահներում 30 օրվա ընթացքում, իսկ մինչ տարեվերջ՝ բոլոր օդանավակայանների սրահներում AMEX-ը ծրագրում է արգելել պլաստիկ տարաների օգտագործումը։

Share