Բիզնես | 14:54 25/06/18

Թրամփի զոհերը․ չինացի միլիարդատերերի թիվը Forbes-ի ցուցակում գնալով կրճատվում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր  մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը բացասաբար է անդրադարձել Forbes-ի ցուցակում ընդգրկված բազմաթիվ չինացի միլիարդատերերի զբաղեցրած դիրքի վրա։

Հունիսի 19-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է Չինաստանից 200 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 10% մաքսատուրք սահմանելու մասին։ Հայտարարությունից 5 օր առաջ խոսվել էր այն մասին, որ չինական ապրանքների  նկատմամբ կարող է սահմանվել 25% մաքսատուրք, ինչին անմիջապես Չինաստանը պատասխանել է նմանատիպ մաքսատուրք սահմանելու խոստումով։ 

Առևտրային խոշոր պատերազմի առաջին զոհերը եղել են չինացի միլիարդատերերը։ Թրամփի հայտարարությունից երկու օր անց, ըստ հաշվարկների, Forbes-ում ընդգրկված 351 միլիարդատերի ընդհանուր կարողությունը 1,155-ից նվազել է մինչև 1,105 տրիլիոն դոլար։

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի մարտի 22-ին Թրամփը ստորագրել էր հուշագիր, որը միտված էր Չինաստանի և ԱՄՆ-ի միջև եղած առևտրային դեֆիցիտը կրճատելուն։ Նախագահը նաև հանձնարարել էր կազմել չինական այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պետք է մաքսատուրքեր սահմանվեին։ Այն ժամանակ խոսքը գնում էր 60 մլրդ դոլար արժողությամբ ներմուծվող ապրանքերի մասին։ Միացյալ նահանգների նախագահի խոսքով, Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը այդ պահին կազմում էր 540 մլրդ դոլար։ Ապրիլի 3-ին ամերիկյան կողմը հրապարակեց 1300 չինական ապրատեսակների ցուցակը, որոնց նկատմամբ սահմանվելու էր 25% մաքսատուրք։ Այդ ցուցակում, մասնավորապես, ընդգրկված էին դեղեր, բժշկական սարքավորումներ, օդանավերի շարժիչներ, ռոբոտոտեխնիկա, լուսադիոդային (LED) լամպեր։ Այդ ցուցակին Չինասատանը պատասխանեց նույնատիպ ցուցակով։ Այստեղ ընդգկված էին սոյայի հատիկներ, մեքենաներ, նավթաքիմիական արտադրանք և ինքնաթիռներ:

Երբ մարտին սկսվեց երկու երկրների միջև առևտրային պատերազամը, Forbes ցուցակում ընդգրկված էր 374 չինացի միլիարդատեր, իսկ այս պահին նրանց թիվը հասել է 351-ի։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ Վասիլի Քաշինի խոսքերով, այս առևտրային պատերազմը կարող է երկարաձգվել: 

«Թրամփից բացի, ով Չինաստանին ճնշելու համար կառուցում է սեփական ռազմավարությունը՝ Չինաստանի հետ համաձայնության գալու նպատակով, կա նաև Կոնգրեսը, որը կարող է լինել այլ կարծիքի, ինչպես ZTE- ի դեպքում»,- նշում է մասնագետը։