Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան․ նույնիսկ այն գյուղերում, որտեղ բնակչությունը 200-300 հոգի է, մենք ունենք LTE ծածկույթ

Հայաստանի տարածքի 98.05%-ը Ucom ընկերությունն ապահովում է ինտերնետով, իսկ 58%-ն ունի LTE գերարագ ինտերնետային ծածկույթ։ Այս մասին ԲարՔեմփ 2018 (չ)կոնֆերանսի բացման իր ելույթում նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ հավելելով, որ վերջին երկու տարիներին ընկերությունն ապահովել է ինտերնետի ամենաբարձր արագությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։

Հայաստանում Ucom-ը LTE ինտերնետով է ապահովում 836 գյուղ և 48 քաղաք․«Սա բավականին մեծ ծածկույթ է, նույնիսկ այն գյուղերը, որտեղ բնակչությունը 200-300 հոգի է, մենք ունենք LTE ծածկույթ, որը հնարավորություն է տալիս արագացնել ինտերնետը»։

Հայկ Եսայանն ընդգծեց, որ Ucom-ի LTE-ն արագ է, որովհետև հեռախոսը միաժամանակ օգտվում է երեք տարբեր բազային կայաններից՝ 800, 1800 և 2600 մեգահերց հաճախականություններով։

Բանախոսը նշեց նաև, որ բաժանորդների համար ընկերությունը նորություն ունի, որը դեռևս թեսթավորման փուլում է։ Խոսքը LTE ցանցում մինչև 700 մբ թողունակություն մասին է, ինչը հասանելի կլինի հեռախոսների համար։ Նման թողունակություն մինչև 2017 թվականը կար ընդամենը աշխարհի 11 ցանցում։

Share