Բաժին. Բիզնես

Մեր այցն ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի․ Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, հուլիսի 6-ի առավոտյան գնացել է հանդիպելու Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ այս օրերին բողոքի ակցիաներ կազմակերպած քաղաքացիներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին ջերմ ընդունելության համար:

«Մեր այցը ավելի շատ փաստահավաք նշանակություն ունի, որպեսզի խնդիրն ավելի խորությամբ հասկանանք: Այժմ պետք է գնանք բողոքող բոլոր խմբերի մոտ, հանդիպենք բողոքող քաղաքացիների, ինչպես նաև «Լիդիան Արմենիա»-ի աշխատողների հետ, այնուհետև ամեն խմբից մեկական ներկայացուցչի հետ նստենք սեղանի շուրջ և զրուցենք»,- ասաց Փաշինյանը:

Ջերմուկում մի խումբ քաղաքացիներ օրեր շարունակ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման՝ փակելով ճանապարհները:

Share