Բաժին. Բիզնես

Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլնավորմանը

Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է դպրոցականների շրջանում գործարար մտածելակերպի զարգացմանը և կարիերայի պլանավորմանը։

Ծրագրի շրջանակում 5 դպրոցների աշակերտներին ներկայացվելու են տնտեսության արագ զարգացող ճյուղերը և աշխատաշուկայի պահանջները։ Ծրագրին մասնակցող 9-12-րդ դասարանների աշակերտները ձեռք են բերելու նոր հմտություններ ՏՏ և ինժեներական խնդիրների լուծման համար, այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ստանալու են արտադրությունների և արտադրանքների վերաբերյալ գործնական գիտելիքներ և նույնիսկ սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։

«Երիտասարդների զբաղվածության խնդիրն ամենաարդիականներից մեկն է այսօր Հայաստանում, և, կարծում եմ,  ցանկացած աջակցություն այդ հարցում խիստ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, աշխատելով ՏՏ ոլորտում և քաջատեղյակ լինելով այդ շուկայի պահանջներին, մենք մեր պարտքն ենք համարում երիտասարդների ուղղություն ցույց տալ, որպեսզի նրանք համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ը ՀԳՀՄ-ի ակտիվ անդամ կազմակերպություն է և մշտապես աջակցում է երիտասարդների զբաղվածության խթանմանն ու մոտիվացիայի բարձրացմանը՝ մնալու Հայաստանում և զարգացնելու սեփական բիզնեսը կամ կարիերան: Ուզում եմ պարոն Պյատախինին մեր երախտագիտությունը հայտնել արդյունավետ համագործակցության համար։ Ասեմ, որ այս ծրագրի շրջանակում ևս մեկ հնարավորություն է ստեղծվում խթանելու կապը դպրոցների և աշխատաշուկայի միջև», – նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։

Նշենք, որ ծրագրի շրջանակում կբարելավվի դպրոցների «Տեխնոլոգիա» առարկայի ծրագիրը, լրացուցիչ մոդուլներ կմշակվեն, իսկ ուսուցիչները համապատասխան վերապատրաստում կանցնեն։ 

Share