Բաժին. Բիզնես

Բիզնես Արմենիա. Հայաստանում 850 հազար դոլարի ներդրումներով նոր գործարան է հիմնվում

Բիզնես Արմենիայում այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ 850 000 դոլար ներդրում կատարելու և չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր  գործարան բացելու մասին։ Բիզնես Արմենիայի անունից փաստաթուղթը ստորագրել է Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը և ներդրողի անունից՝ «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ Հուշագրով նախատեսվում է, որ Բիզնես Արմենիան, ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, հետագայում ևս ներդրումների ցանկացած փուլում և արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։

Նոր գործարանի շինաշխանքները մեկնարկել են անցած տարվա հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, կապահովվի 24 աշխատատեղ։

«Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորւմներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 

«Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը հավաստագրվելու է ISO9001 և ISO14001, OHSAS18001 ստանդարտներով և միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- նշել է «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։

«Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերկերության հետ համատեղ։ Արտահանման շուկա է դիտարկվում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

Share