Բաժին. Բիզնես

Բլոկչեյնի լուծումները ուսանողների աչքերով. լավագույնները կանցնեն փորձաշրջան

Օգոստոսի 9-ից 12-ը կայացած ԵԵՊ Հայաստանի Երևանի մարզային ընտրական կոնֆերանսի շրջանակներում 50-ից ավելի երիտասարդ մասնակիցները քննարկեցին բլոկչեյն տեխնոլոգիաների լուծումներն այնպիսի կարևոր խնդիրների համար, ինչպիսիք են թափանցիկ ընտրությունների ապահովումը և նոր բիզնես հնարավորությունների ստեղծումը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտը՝ Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի աջակցությամբ:

Միջոցառմանը ակտիվություն դրսևորած և բլոկչեյն տեխնոլոգիաների հանդեպ խորը հետաքրքրություն ցուցաբերած մասնակիցներից 10 լավագույնները կանցնեն փորձաշրջան Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիայի ծրագրերի ու նախագծերի շրջանակներում:

Եռօրյա քննարկումներին մասնակցեցին նաև փարձագետներ բլոկչեյն ոլորտի առաջատար ընկերություններից ու կազմակերպություններից՝ իրենց փորձով մասնակիցներին ուղղորդելու համար:

Մասնակիցներից ոչ բոլորն էին քաջատեղյակ բլոկչեյն տեխնոլոգիաներին, սակայն ինտենսիվ բանավեճերն ու աշխատանքները նպաստեցին թեմայի հեշտ յուրացմանը: «Թեման, իհարկե, բարդ էր, ու ես չէի պատկերացնում, որ կստացվի ընդամենը երեք օրում մանրամասն լուծումների հանգել: Սակայն հետաքրքրությունը մեծ էր բոլորիս կողմից և ուրախ եմ, որ կարողացանք այս մարտահրավերը հաղթահարել», նշում է լավագույն մասնակից ճանաչված Էլեն Գաբրիելյանը:

«Այս կոնֆերանսի ընթացքում տիրում էր ֆանտաստիկ եռանդ և էներգիա, և մենք ավելին քան վստահ ենք, որ մասնակիցներից ոմանց համար սա մեծ ճանապարհորդության սկիզբ կդառնա»,- նշում է Nooor-ի ձեռնարկատիրական ծրագրերի տնօրեն Աշոտ Խուդգարյանը:

Nooor-ը շարունակում է աջակցել և նախաձեռնել բլոկչեյնի իրազեկմանն ու լուծումների կիրառմանը խթանող կրթական ծրագրեր:

Մանրամասների համար այցելել պաշտոնական կայք. www.nooor.io

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

 

Share