Բաժին. Բիզնես

Հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են Mosshoes 2018-ին

Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 արտադրողներ սեպտեմբերի 10-13-ը Մոսկվայում կմասնակցեն կոշիկի և կաշվե իրերի արտադրության «Mosshoes 2018» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունների հետ միասին իրենց արտադրանքն են ներկայացնում 600 ընկերություններ աշխարհի 30 երկրներից։

Հայկական արտադրանքը ներկայացված է միջինից բարձր դասում։ Միջազգային ցուցահանդեսում մեր երկրի 6 արտադրողները ներկայացնում են «Սիմոնա», «Բաբիննի», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Սերաբիան» ապրանքանիշերը։

«Հայաստանյան կոշիկի արտադրությունը վերջին տարիներին ակնհայտորեն բարելավել է որակն ու դիզայնը՝ միջազգային շուկայում դառնալով ավելի մրցունակ։ Իսկ ցուցահանդեսում մեր կայուն տեղը շատ մեծ հնարավորություն է տալիս թուրքական արտադրանքի վրա կենտրոնացած սպառողական զանգվածը հայկական արտադրանքի կողմն ուղղորդելու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

«Mosshoes»-ը ոլորտի խոշորագույն ցուցահանդեսն է Արևելյան Եվրոպայում, անցկացվում է տարին 4 անգամ։ «Mosshoes 2018» աշնանայինն ակնկալում է 12 000 մասնագետների, դիստրիբյուտորների, խոշոր գնորդների այցելություն։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։

Share