Բիզնես | 17:06 26/09/18

Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել

Ռուսական «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցության ընկերությունը 2011թ.-ից ի վեր առաջին անգամ իրականացրել է ռեբրենդինգ, որն ընկերությանը արժեցել է 35 մլն ռուբլի։ Ռեբրենդինգի արդյունքում ընկերությունը հրաժարվել է ականջի տեսքով ապրանքային նշանից և փոխարինել այն «R» տառի տեսք ստացած ծալված ժապավենով։

Ռոստելեկոմի ներկայացուցիչը նշել է, որ նոր ապրանքային նշանը ընդգծում է ընկերության թվային էությունը, իսկ ժապավենը տեխնոլոգիաների արտացոլումն է։ Նոր բրենդը մշակվել է Bootleg և Saffron Brand Consultants գործակալությունների կողմից։ Ռոստելեկոմի գրասենյակներում նոր ապրանքային նշանը կներդրվի 2018-2019 թ․թ․ ընթացքում։ Նոր բերնդի ներքո առաջին գովազդային արշավը կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի 1-ին։

Ռոստելեկոմը (ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ) ներկայացված է նաև Հայաստանում։ «Բիզնես 24»-ը փորձեց ճշտել, թե արդյո՞ք ռեբրենդինգ կիրականացավի նաև հայկական շուկայի համար։ Հարցին ի պատասխան՝ ընկերության արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանն ասաց․ «Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, «Ростелеком»  խմբի կողմից մեծ շուքով ներկայացվեց նոր ապրանքային նշանը: «Ростелеком»-ի վերաբրենդավորման (rebranding) նպատակն էր արտացոլել ընկերության ներսում իրականացվող տեխնոլոգիական ձևափոխումները և ներկայանալ առավել արդիական ապրանքային նշանով: 2011թ.-ից ի վեր ընկերությունն առաջին անգամ է վերաբրենդավորում իրականացնում և այն արվում է գլոբալ կորպորատիվ ռազմավարության շրջանակում և վերաբերում է «Ростелеком» խմբի բոլոր ընկերություններին, որոնք ժամանակի ընթացքում աստիճանաբար կներկայանան նոր տեսքով և ոճով»։