Բաժին. Բիզնես

Beeline-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ

Summer Business School-ի երկու տարվա սաներն այցելեցին Հայաստանում Beeline-ի վարչական գրասենյակը։

Նախագծի 2017 և 2018 թթ․ դասընթացների մասնակիցները շրջեցին ընկերության Open Space գրասենյակներով, ծանոթացան PR, մարքեթինքի և այլ ծառայությունների աշխատանքին, ինչպես նաև հանդիպեցին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

14-18 տարեկան երիտասարդներին ընկերության ղեկավարը ներկայացրեց ռազմավարական որոշումների ընդունման հիմնական գաղտնիքները և կիսվեց կարևոր որոշումներ ընդունելու սեփական փորձով։

«Այս դասընթացի մասնակիցները գտնվում են հենց այն տարիքում, երբ մարդիկ ընդունում են իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ այն է կատարել մասնագիտության ընտրություն։ Հուսով եմ, այս հանդիպումը նրանց որոշ չափով կօգնի ճիշտ գնահատել իրավիճակը և լավ ընտրություն կատարել ապագայի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Summer Business School-ը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից։ Summer Business School-ի նպատակն է դպրոցականների մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Մասնակիցների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ քաղաքից դուրս՝ ճամբարի ձևաչափով, ինչից հետո  մասնակիցները կարող են  աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։

Share