Բաժին. Բիզնես

250 մլն դոլար ներդրում՝ Երևանում նոր գազատուրբինային էլեկտրակայանի կառուցման նախագծում

2018թ. նոյեմբերի 1-ի նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը քննարկել է «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ «Փոփոխված և Վերաշարադրված Շրջանակային» համաձայնագիրը: ՀՀ կառավարությունը կողմ է համաձայնագրի որոշմանը, միաժամանակ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրին վերաբերող վերջնական ճշգրտումներ իրականացնել, որից հետո համաձայնագիրը կստորագրվի։

Համաձայնագրով նախատեսվում է Երևանի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ կառուցել գազային վառելիքով աշխատող, կոմբինացված ցիկլով 250 մեգավատ հզորությամբ նոր գազատուրբինային էլեկտրակայան։ Էլեկտրակայանը կապահովի անհրաժեշտ հզորության պահուստ՝ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի և միջհամակարգային կապերով հաղորդվող հզորությունների ապահովման և այլ ռեժիմային իրավիճակների կարգավորման, նաև վթարային իրավիճակներում համակարգի կայության ապահովման համար։

Ներդրումային ծրագիրը նախատեսում է 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս։ Շինարարության ընթացքում կներգրավվի մինչև 1,200 մարդ։ Կայանի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ։ 50-70 աշխատակից կայանի շինարարության ընթացքում կվերապատրաստվի Գերանիայում՝ Siemens ընկերությունում։

Նախկին համաձայնագրով նոր կայանն ուներ 6.02 ցենտ (առանց ԱԱՀ) սակագին։ Բանակցությունների արդյունքում փոփոխված համաձայնագրում սակագինը նվազել է 0.32 ցենտով և կազմում է 5.7 ցենտ, ինչը թույլ կտա խնայել 6.4 մլն դոլար։ Սակագնի մեջ գազի գնի բաղադրիչը 3.82 ցենտ է։

Share