Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ․ Մեկնարկեց «Ռուս նկարիչները և Փարիզը» նախագիծը

Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկեց «Ռուս նկարիչները և Փարիզը» կրթական ծրագիրը:

Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ)  աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության և լինոգրավյուրայի (լինոփորագրություն) վարպետության դասի միջոցով մասնակից երեխաներին ծանոթացնել Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի՝ համաշխարհային անուն ունեցող հեղինակների հետ, որոնք ապրել և ստեղծագործել են Փարիզում։ Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Լինոգրավյուրայի վարպետության դասն անցկացվեց արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից գործընթացի վերաբերյալ համառոտ նախաբանը ներկայացնելուց հետո։

Նախագիծն իրականացվեց Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի նկարչության խմբակների սաների համար՝ ստեղծելով մի միջավայր, ուր յուրաքանչյուրը գտնում է իրեն հարազատ կտավն ու գույնը։

Որպես ծրագրի երկրորդ փուլ՝ նախատեսվում է մասնակից երեխաների ճանաչողական այցը Երևանի Ռուսական արվեստի թանգարան:   

Ծրագրային նմանօրինակ համագործակցությունն ու ձևաչափը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնելու թանգարանային մշակույթի նկատմամբ, սովորեցնելու ձեռքի աշխատանքի նրբություններն ու արվեստի գործերը սեփական ձեռքերով վերարտադրելու հնարավորություն ընձեռելու։

Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ–ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ–ը դարձել է զարգացման օրինակելի մոդել և նախատեսվում է կրկնօրինակել Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը բացվել է Լոռու մարզում՝ ծառայելու տեղի շուրջ 150,000 բնակիչներին։

Երևանի Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

Գործում է մայրաքաղաքում (հասցե՝ Իսահակյան 38, Կասկադի հարևանությամբ) արդեն շուրջ 30 տարի, այցելուին է ներկայացնում 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստի՝ (գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական և թատերական ձևավորման արվեստ) համաշխարհային նշանակության, գեղարվեստական և պատմական մեծ արժեք ունեցող ընտրանի:

Թանգարանի աշխատակազմի կողմից մշակվել են այնպիսի կրթական ծրագրեր ինչպիսիք են «Իմ տունն իմ ամրոցն է», «Տարվա եղանակները»,  Կենդանաբանական այգի», «Կռահիր նկարը», «Արվեստ. տեսակներ, ժանրեր, տեխնիկաներ», անց են կացվում 2015թ․-ից, մեծ հետաքրքրություն և պահանջարկ են վայելում։ Ծրագրերի շնորհիվ թանգարանը հյուրընկալում է ամսական շուրջ 350 դպրոցահասակ և նախադպրոցական հաստատությունների երեխաների։

Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:

«Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+”:

Share