Բիզնես | 15:10 12/11/18

Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ անցկացրեցին Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան

Beeline Ստարտափ Ինկուբատորում վարպետության դաս անցկացրեցին հանրային ելույթների մարզիչ, ռադիո և հեռուստահաղորդավար Դիմիտրիյ Չումակը և «Մալեն» դիզայնի, մարքեթինգի և բրենդինգի ստուդիայի ղեկավար Յուլիա Մոկրոուսովան։

Դիմիտրիյ Չումակը դասավանդում է Մոսկվայի Մեզենցևի անվան լրագրողների տանը, սովորեցնում է ճիշտ ելույթ ունենալ ներդրողների առջև և բանակցություններ վարել։ Beeline Ստարտափ Ինկուբատորի մասնակիցներին նա օգնեց հաղթահարել վախը՝ հանդիսատեսի հետ աշխատելիս, ստանալ դրական էներգիա սեփական ելույթից և փոխանցել այն ներկաներին, խոսել գեղեցիկ, վստահ և հասնել անհրաժեշտ արդյունքին։

Յուլիա Մոկրոուսովան, ով աշխատել է ավելի քան 1000 ստարտափների հետ, ինկուբատորում ներկայացրեց իր մշակած «Վաճառքների փաթեթավորման» տեխնիկան, որը ներառում է վաճառքի գործիքներ և քայլեր։

«Ինկուբատորում մեր նպատակն է թիմերին լիարժեք պատրաստել ներդրողների առջև ներկայանալու համար։ Անկախ նրանից թե որքան լավն է քո առաջարկը, այն պիտի կարողանաս գեղեցիկ ներկայացնել։ Մեր բոլոր թիմերի առաջարկներն ի սկզբանե հիանալի են, և մեր դասընթացների ժամանակ նրանք զարգացնում են թե իրենց պրոդուկտները, թե սեփական գիտելիքներն ու հմտությունները», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ռեզիդենտ ստարտափներն Ինկուբատորում անցնում 4-ամսյա ինկուբացիոն շրջան, որի ընթացքում ունենում են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։