Բաժին. Բիզնես

Ամերիաբանկը 2019 թվականի համար կանխատեսում է անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի ակտիվացում

2019 թվականի համար մեծ նախադրյալներ կան Հայաստանում կայուն քաղաքական իրավիճակ ունենալու, ինչը գործարար միջավայրի, ներդրումների և նոր բիզնես նախաձեռնությունների համար վճռական նշանակություն ունեցող գործոն է: Այս մասին նշել է Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով հրավիրված պանելային քննարկման շրջանակներում:
Ըստ Արման Բարսեղյանի՝ տնտեսական զարգացման տեսանկյունից դրական ակնկալիքներ կան, մասնավորապես, անշարժ գույքի շուկայում: «Այսօր արդեն մենք նկատում ենք դրական միտումներ անշարժ գույքի շուկայում և, մասնավորապես, մեծ ակտիվություն առաջնային շուկայում գույքի իրացման մասով, ինչն առաջիկայում կստեղծի բավականին մեծ պահանջարկ նոր բնակարանների նկատմամբ: Արդյունքում, շինարարության ոլորտում ի հայտ կգան նոր նախագծեր, ինչը շղթայական ռեակցիայով դրական ազդեցութուն կունենա տնտեսության մյուս ոլորտների վրա», – նշել է Արման Բարսեղյանը՝ հավելելով, որ այս տարի Ամերիաբանկը գրանցել է հիփոթեքային վարկավորման աննախադեպ աճ: Ընդհանուր առմամբ, 10 ամսում Ամերիաբանկը իրականացրել է շուրջ 30 մլրդ ԱՄՆ դոլարի ֆիզիկական անձնանց սքորինգային վարկավորում, ինչը շուրջ 5 անգամ գերազանցել է բանկի բիզնես պլանով նախատեսված ցուցանիշները:
Անդրադառնալով ՓՄՁ ոլորտի վարկավորմանն՝ Արման Բարսեղյանը նշել է, որ ՓՄՁ-ի վարկավորման գծով ամենամեծ ակտիվությունն Ամերիաբանկը գրանցել էր 2016 թվականին, երբ բանկն ունեցել էր ՓՄՁ վարկավորման պորտֆելի շուրջ 60% աճ: «Մեր գնահատմամբ՝ նման աճը պայմանավորված էր նրանով, որ 2014 և 2015 թվականներին տնտեսական աճի տեմպերի դանդաղման և իրական ՀՆԱ-ի կրճատման արդյունքում որոշակի հետաձգված պահանջարկ կար, որը բիզնեսներն ակտիվորեն լրացրեցին 2016 թվականին: Հետագայում, 2017 և 2018 թվականներին իրավիճակը փոխվեց: Տպավորությունն այնպիսին է, որ բիզնեսները հիմնականում իրենց ֆինանսական կարիքները բավարարել են: Նոր բիզնեսներ, ցավոք, դեռ բավականին քիչ են ստեղծվում, սակայն այս առումով մենք մեծ ակնկալիքներ ունեք 2019 թվականից», – ընդգծել է Արման Բարսեղյանը:
Share