Բաժին. Բիզնես

Արման Բարսեղյան. «Կարևոր է, որպեսզի հարկային բեռի թեթևացմանը զուգընթաց բիզնեսը պատրաստ լինի դուրս գալու ստվերից»

Կարևոր է, որպեսզի հարկային բեռի թեթևացմանը զուգընթաց բիզնեսը պատրաստ լինի դուրս գալու ստվերից և համարժեք արձագանքելու փոփոխություններին: «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով պանելային քննարկման շրջանակներում նման տեսակետ է հայտնել Ամերիաբանկի Մանրածախ բանկային գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ անդրադառնալով ՓՄՁ ոլորտում հարկային վարչարության փոփոխություններին: Ըստ Արման Բարսեղյանի՝ ՓՄՁ ոլորտն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 35%-ը, բայց պետական բյուջեի եկամուտների 17%-ը, ինչը ակնհայտ է դարձնում, որ այստեղ որոշակի անհավասարակշռություն կա:

«ԲԻ-ԴԻ-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» ՓԲԸ Հարկերի գծով գործընկեր Ահարոն Չիլինգարյանի դիտարկմամբ՝ Հարկային Օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով փորձ է արվում ՓՄՁ ոլորտի համար տարատեսակ հարկային ռեժիմները մեկտեղել ու առաջարկել պարզ հարկային վարչարարություն: «Փոքր բիզնեսի համար որքան պարզ հարկային վարչարարություն կիրառվի, այնքան լավ», – ասել է Ահարոն Չիլինգարյանը՝ հավելելով, որ կարևոր խնդիր է նաև հարկային վարչարարության ցանկացած փոփոխություն ՓՄՁ-ներին հնարավորինս պարզ, հասկանալի ու ժամանակին տեղեկացնելն ու բացատրելը:

«Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» կրթական կենտրոնի հիմնադիր Վահրամ Միրաքյանի դիտարկմամբ՝ բիզնեսը միշտ էլ առաջինը բողոքում է շատ հարկերից: «Իրականում շատ հարկեր ասելը սուբյեկտիվ հասկացություն է, բնականաբար հարկերը միշտ էլ շատ են, եթե զբաղվում ես բիզնեսով: Հարցն այն է, որ եթե ուզում ենք, որ մեր տեղական արտադրանքը մրցակից լինի այլ երկրների արտադրանքի հետ, ապա մրցակցությունը պետք է դիտարկել նաև հարկային վարչարարության տեսանկյունից և համեմատել հարկերը մրցակից երկրների հետ», – նշել է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ պետական բյուջեի եկամուտները կրճատելու մտավախություն չունենալով նպատակով կարելի է, օրինակ, հարկային արտոնություններ տրանադրել այն ոլորտներին, որոնք թերզարգացած են կամ լավ զարգացած չեն, և այդ կերպ նպաստել տվյալ ոլորտների զարգացմանը:

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի խոսքով՝ տնտեսվարողներին ստվերից դուրս բերելու նպատակով կարևոր է կոնկրետ թիրախային ոլորտներում նպատակային հարկային արտոնություններ շնորհելը և ստեղծել այնպիսի լավ պայմաններ, որ ընկերությունները պատրաստակամ լինեն դուրս գալու ստվերից:

Share