Բաժին. Բիզնես

Ամերիաբանկ․S&P Global Ratings-ի կողմից շնորհվել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով

Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ` «կայուն» հեռանկարով: Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: Առայժմ S&P Global Ratings-ը չի շնորհել սուվերեն վարկանիշ Հայաստանի Հանրապետությանը:

Ըստ S&P Global Ratings-ի` Հայաստանի սուվերեն վարկարժանությունն արտացոլում է բանկի վարկանիշի սահմանափակումները, այսինքն` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը:

Ամերիաբանկի վարկարժանությունն արտացոլում է Ամերիաբանկի` Հայաստանի խոշորագույն բանկի դիրքը և S&P Global Ratings-ի սպասումներն առ այն, որ բանկը կպահպանի առաջատարի դիրքը, իսկ կապիտալացման մակարդակը մոտակա 24 ամսում կավելանա շնորհիվ կայուն եկամտի:

Վարկանիշի` մոտակա 12 ամսվա կայուն հեռանկարն արտացոլում է S&P Global Ratings-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի գործունեությունը և ֆինանսական ցուցանիշները նշված ժամանակահատվածում կայուն կլինեն շնորհիվ շուկայական ամուր դիրքի և Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի բարելավման:

Ըստ S&P Global Ratings-ի` Հայաստանի բանկային հատվածը կայուն կլինի, առանց շուկայի նկատելի խեղաթյուրումների: Ճյուղային ռիսկի միտումը ևս գնահատվում է կայուն:

S&P Global Ratings-ը վարկային ռիսկը համարում է Հայաստանի բանկային հատվածի վրա բացասաբար ազդող գործոն` հաշվի առնելով արտարժութային վարկերի, հատկապես ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված չհեջավորված վարկերի ավելի բարձր կշիռը, քան համեմատելի երկրներում, և այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը դեռ լիովին չի կայացել: S&P Global Ratings-ը Հայաստանի բանկային հատվածի տնտեսական ռիսկի միտումը գնահատում է կայուն:

Գործակալությունը նաև նշում է, որ նախորդ 6 տարվա ընթացքում Ամերիաբանկն ունեցել է շահութաբերության լավ ցուցանիշներ, մասնավորապես` ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1.4%, իսկ ծախսերի հարաբերությունը եկամտին 2017թ. վերջի դրությամբ կազմել է 40%, որը բավականին լավ ցուցանիշ է տեղական և արտասահմանյան բանկերի համեմատ:

S&P Global Ratings-ի կարծիքով Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը ու դրա բարելավումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ղեկավարների թիմն ու մեծ կարողություն ունեցող վերահսկող բաժնետիրոջը, ով մեծ փորձ ունի բանկային և ֆինանսական ոլորտում:

Share