Բիզնես | 15:25 27/12/18

ՎիվաՍել-ՄՏՍ․ Արփի գյուղը դարձավ էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր

Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը մնացել է անցյալում: Խնդրի լուծմանն աջակցել են Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Արփի գյուղում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել էին ամռան երկրորդ կեսին: Արդեն լուսավորվել են հիմնական փողոցները՝ գրեթե 2կմ տարածք: Կառուցվել է ամբողջությամբ նոր համակարգ: Տեղակայվել է 51 LED լուսարձակ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերում, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել կարևոր գործընթացում, որի հիմքում դրված են բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչները:

Բնակիչները ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկումը կարևոր են համարում և՛ համայնքի ծախսերի, և՛ մայրաքաղաք-գյուղ զարգացման տեմպերի կրճատման, և՛ իրենց կյանքի որակի փոփոխության առումով: Հնարավոր խնայողությունների հաշվին՝ լուծելի կդառնան նաև այլ խնդիրներ:

Լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գյուղի բնակիչները:

«Լուսավոր մտքեր ունենալն իհարկե լավ է, սակայն հարկավոր է ունենալ նաև լուսավորված փողոցներ: Ցանկացած դրական տեղաշարժ կարող է նպաստել նոր ձեռքբերումների ձգտելուն: Մենք կանգնում ենք մեր հայրենակիցների կողքին՝ այդ ամենն ապահովելու համար: Ուզում ենք, որ մարզերում բնակվողները վստահ լինեն, որ իրենք անտեսված չեն: Հավատում ենք նաև, որ այս ծրագիրը  կփոխի հանրային սեփականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Եվ այն պահին, երբ յուրաքանչյուրն իր գյուղն ու զբաղեցրած տարածքը համարի իր սեփականը, ձեռքբերումներն ավելի շատ կլինեն», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր: