Բաժին. Բիզնես

Բիզնես Արմենիան վերակազմավորվում է, Տուրիզմի հիմնադրամը կմիանա կոմիտեին

Միավորման և վերակազմավորման որոշումները կայացվել են՝ կառույցների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք որոշել ենք, որ տուրիզմի հիմնադրամը կմիավորվի տուրիզմի կոմիտեին, որովհետև, երբ վերլուծում ենք գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ երկու կառույցներում, դրանք բովանդակությամբ էապես տարբեր չեն, և իրենց համատեղ կառավարումը կտա նաև ռեսուրսների և սահմանված թիրախներին հասնելու ջանքերի որոշակի արդյունավետություն: Այսինքն՝ այդտեղ մենք երկու կարծիք չունենք. կարծում ենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Նա, միաժամանակ, նշեց, որ «Բիզնես Արմենիա»–ն չի վերանում, այլ անցնում է վերակառուցման ճանապարհ: «Այսուհետև կա արդեն նոր նշանակված տնօրեն բիզնես կառույցի, և առաջիկայում տնօրենը կներկայացնի իր տեսակետները, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել նոր, թարմ մարդկանցով և գաղափարներով՝ առաջիկայում ունենալով մեկ կարևոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է օգտագործվեն առավել խոշոր և նշանակալից ծրագրերի իրականացման ուղղությամբ»,– ասաց Տիգրան Խաչատրյանը:

Այդ ճանապարհին, Խաչատրյանի խոսքով, որևէ կարևոր գործառույթ, որ մինչ այս իրականացվել է «Բիզնես Արմենիա»–ի կողմից, դուրս չի մնալու: «Մենք, ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձևաչափը,  դրանք իրականացնելու ենք այլ այնպիսի ստորաբաժանումների և կառուցվածքային միավորների ձևաչափում, որոնք պատասխանատու կլինեն նոր գործառույթների իրականացման համար ՝ ուղղակի չեն կոչվի «Բիզնես Արմենիա»–ի ստորաբաժանում, կարող է կոչվեն նախարարության ստորաբաժանում»,– ասաց նա:

Share