Բաժին. Բիզնես

WCIT 2019. Գերմանիան կմասնակցի Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովին» Գերմանիայի մասնակցության ձևաչափն է այսօր քննարկվել համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանի և Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնի հետ հանդիպմանը։ Քննարկմանը մասնակցել են «WCIT 2019» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը և գործարար ասոցիացիայի տնօրեն Ուտե Կողլովսկի-Կայջեյան։ Հանդիպումը բխում է Գերմանիայում ստորագրված համագործակցության մասին փաստաթղթից, որը կնքվել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցի շրջանակում։ 

«WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ «WCIT 2019-Yerevan»-ը կազմակերպելու պատիվը վերապահված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը։ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» կազմակերպվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։

Գերմանացի հյուրերը հետաքրքրվել են «խելացի քաղաք», «կլիմայի փոփոխություն», «էլեկտրոնային առևտուր» թեմաներով, որոնք արդեն ընդգրկված են համաժողովի օրակարգում։

«Մեր ասոցիացիան, որի անդամ են գերմանական ծագման խոշորագույն մի շարք ընկերություններ, պատրաստ է աջակցել թիրախավորված խոսնակների և գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցում»,- նշել է Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնը։

«Մենք փաստեցինք նաև երկու ասոցիացիաների պատրաստակամությունը՝ աջակցելու հայաստանյան և գերմանական ընկերությունների միջև նոր գործարար կապերի ստեղծմանը, ներդրումներին ու համագործակցությանը»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Share