Բաժին. Բիզնես

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ

Գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանց մտահոգում է գազավորված ըմպելիքի արտադրության նկատմամբ հարկային բեռն ավելացնելու որոշումը:

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցները նշում են, որ հարկային բեռի ավելացումը նպաստելու է իրենց արտադրանքի թանկացմանը, ինչը իր հերթին հանգեցնելու է սպառման ծավալների նվազման: Նրանց խոսքով՝ դրա արդյունքում գազավորված ըմպելիք արտադրությամբ զբաղվող շատ ընկերություններ կարող են փակվել:

Նրանց մտահոգում է նաև այն հանգամանքը, որ նախատեսվում է բարձրացնել միայն գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հարկային բեռը, իսկ նեկտարների, կոմպոտների, բնական հյութերի արտադրությանը՝ ոչ:

Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ իրենց խնդիրները քննարկելու, մտահոգությունները ներկայացնելու համար:

Share