Բաժին. Բիզնես

Բացվել է Սպայկա ընկերության պանրի գործարանը՝ կարտադրվեն կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ գործարանում արտադրվելու են կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ: «Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Ստեղծվել են ավելի քան 120 մշտական աշխատատեղեր: Տարբեր մարզերից ընկերությունը տարեկան մթերելու է ավելի քան 20 միլիոն լիտր կաթ, որի համար սահմանվել է շուկայականից բարձր, կայուն գին: Կաթի որակի բարձր չափանիշների պահպանման համար մեզ հետ աշխատող ֆերմերներին տրամադրվելու են կթի սարքավորումներ և սառնարաններ, ինչը  նոր մակարդակի է բարձրացնելու կաթնարտադրությունը Հայաստանում», – ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ կապույտ և սպիտակ բորբոսով պանրի տեսակներ արտադրելը չափազանց բարդ տեխնոլոգիա և գիտելիքներ է պահանջում: «Մենք նպատակ ենք դրել Հայաստանը դարձնել գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտահանող երկիր»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում «Սպայկա» ընկերությունը պարտատոմսեր է թողարկելու հնարավորություն տալով ընկերության ուժին հավատացողներին մաս կազմել գործընթացին:

Բորբոսով պանրի գործարանը գործելու է Նորագավթում: Ձեռնարկությունը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով:

Share