Բաժին. Բիզնես

Միլիարդատերերի 5 «ամենաթանկ» ամուսնալուծությունները

Ջեֆ Բեզոսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, համաձայնել է նախկին կնոջը տալ իր միլիարդների հիմնական աղբյուրը՝ Amazon-ի բաժնետոմսերի փաթեթը: Մենք ուսումնասիրել ենք, թե որ միլարդատերերն են ամուսնալուծության արդյունքում զրկվել իրենց հսկայական կարողությունից։ Նրանցից ոմանց վրա դա այնքան թանկ է նստել, որ նույնիսկ դուրս են մնացել Forbes-ի ցուցակից։

Հինգշաբթի Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ իրենց ամուսնալուծության արդյունքում նա նախկին կնոջը կհանձնի Amazon-ի բաժնետոմսերի 4%-ը, որի արժեքը կազմում է 35 մլրդ դոլար։ Սա պատմության մեջ ամուսնալուծության արդյունքում տրված ամենամեծ փոխհատուցումն է։ Հունվարին, երբ զույգը հայտարարեց իրենց բաժանության մասին, Forbes-ը պատրաստեց միլիարդատերերի ամենամեծ, ամենատարօրինակ և ամենաանսովոր ամուսնալուծությունների ցանկը։ Որոշ դեպքերում, որոնցից է օրինակ՝ Google-ից Սերգեյ Բրինի և Էնն Վոժիցկիի բաժանությունը, ամուսնալուծության համաձայնագրի արժեքը անհայտ է մնացել, քանի որ չեն բացահայտվել նաև ամուսնալուծության մանրամասները։

Ստորև ներկայացված են ամուսնալուծության ժամանակ տրված ամենամեծ փոխհատուցումները․

Ջեֆ և Մակքենզի Բեզոսներ

Նախկին կնոջը վճարած գումարը – ավելի քան 35 մլրդ դոլար

Զույգը ծանոթացել է, երբ աշխատում էին Նյու-Յորքում գտնվող D.E. Shaw հեջ ֆոնդում։ Սիեթլ տեղափոխվելուց հետո Մակքենզին օգնեց Ջեֆին ստեղծել Amazon-ը։ Ապրիլի 4-ին նրանք հայտարարել են ամուսնալուծության պայմաննները, որը, ամենայն հավանակությամբ, պաշտոնապես կհաստատվի ամռանը․ նա կստանա Amazon-ի բաժնետոմսերի շուրջ 4%-ը, որոնց արժեքը այժմյան դրությամբ ազատ շրջանառության մեջ կազմում է 35 մլրդ դոլար։ Ջեֆն իրեն է պահել Blue Origin ավիացիոն ընկերությունը և The Washington Post-ը։ Ամուսնալուծությունից հետո Մակքենզին, հավանաբար, կդառնա աշխարհի երրորդ ամենահարուստ կինը։

Բիլ և Սյու Գռոսսներ

Նախկին կնոջը վճարած գումարը – 1,3 մլրդ դոլար

Գռոսսերի սկանդալային բաժանումը ի հայտ բերեց նոր միլիարդատիրոջ և վնասեց մեկ ուրիշին։ 2016թ․-ին Սյու Գռոսսը՝ Pimco ընկերության հիմնադրի կինը, ապահարզան պահանջեց և մեկ տարի անց դարձավ 1,3 մլրդ դոլար կարողությամբ միլիարդատեր։ Նրա նվաճումների մեջ էին մտնում Լագունա-Բիչում գտնվող 36 մլն դոլար արժողությամբ տունը և Պիկասոյի «Հանգիստ» նկարը (1932 թ․), որը նա հետագայում վաճառեց 35 մլն դոլարով։ Բիլը սկզբում փորձեց իրեն պահել իրենց երեք կատուներից գոնե մեկը, սակայն Սյուն վերցրեց բոլորին։ 2018թ․-ին Բիլը զրկվեց ամենահարուստ ամերիկացիների վարկանշային ցուցակի (Forbes 400) իր տեղից, որտեղ ներառված էր 14 տարի շարունակ։ Այժմ երկուսն էլ ղեկավարում են իրենց բարեգործական կազմակերպությունները։

Հարոլդ Հեմմ և Սյու Էնն Արնալ

Նախկին կնոջը վճարած գումարը – 975 մլն դոլար

Հարոլդ Հեմմը և Սյու Էնն Արնալն ամուսիններ են եղել 26 տարի շարունակ։ Ամուսնական պայմանագիր ամուսինները չեն կնքել։ 2015թ․-ին երեք տարվա դատական կռիվներից հետո նավթային մագնատը վերջ դրենց իրենց ամուսնությանը՝ Morgan Stanley-ի իր հաշվից Սյու Էննին շուրջ 975 մլն դոլարի չեկ դուրս գրելով։ Նա ընդունեց չեկը, սակայն հետո փոխեց միտքը՝ որոշելով, որ ավելին է ցանկանում, և բողոք ներկայացրեց։ Այս անգամ նա պահանջեց Հեմմի կարողության մեծ մասը, որի հիմնական աղբյուրը Continental Resources ընկերության 75% -ն էր, որը գնահատվում էր 13,7 մլրդ դոլար։ 2015թ․-ի ապրիլին Օկլահոմայի Գերագույն դատարանը վերջ դրեց այդ ամենին՝ բավարարելով Հարոլդի՝ բողոքարկումը մերժելու խնդրանքը: Դատարանը գտավ, որ ստորագրելով և ընդունելով չեկը՝ Սյու Էննը համաձայնել է ամուսնալուծության համաձայնագրի պայմաններին։ Հետագայում Սյու Էննը ֆինանսավորեց քաղաքական շարժումը, որին հաջողվեց պաշտոնից ազատել տալ ամուսնալուծության գործով զբաղվող դատավորին։

Սթիվ և Էլեյն Ուինններ

Նախկին կնոջը վճարած գումարը – 850 մլն դոլար

Wynn Resorts հսկայական կազինո-հանգստավայրի համահիմնադիրները բաժանվել են 2010թ․-ին (արդեն երկրորդ անգամ)։ Ամուսնալուծության պայմանագրի համաձայն՝ Էլեյնը, ով 2002թ․-ից եղել է Wynn Resorts-ի տնօրենների խորհրդի անդամ, ստացավ 11 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որոնց արժեքն այդ ժամանակ կազմում էր 795 մլն դոլար։ Սթիվն այդ տարի նաև վաճառեց բաժնետոմսերը մոտ 114 մլն դոլարով, որի մի մասը, եթե ոչ ամբողջը, պայմանագրի համաձայն հասավ Էլեյնին։ 2012թ․-ին նա դատի տվեց Wynn Resorts-ին՝ փորձելով վաճառել իր բաժնետոմսերի մի մասը 9%-ով, և երեք տարի անց վստահված անձի քվեարկության համար բարձրացած աղմուկի ժամանակ կորցրեց իր տեղը տնօրենների խորհրդում։

2018թ․-ի փետրվարին Սթիվը լքեց գլխավոր տնօրենի և Wynn Resorts-ի նախագահի իր պաշտոնը այն բանից հետո, երբ մեղադրվեց սեռական ոտնձգությունների համար, որը նա հերքեց։ Դրանից հետո նա վաճառեց բոլոր իր բաժնետոմսերը։ Հիմա Էլեյնը, որի կարողությունը կազմում է 2 մլրդ դոլար, ընկերության խոշորագույն բաժնետերն է։

Ռոյ և Պատրիսիա Դիսնեյներ

Նախկին կնոջը վճարած գումարը – 600 մլն դոլար

Ռոյը և կինը ամուսնալուծվել են 2007թ․-ին՝ 52 տարվա ամուսնալուծությունից հետո։ Այդ ժամանակ նրանք համապատասխանաբար 77 և 72 տարեկան էին։ Ռոյի՝ Ուոլտ Դիսնեյի զարմիկի կարողությունը այդ ժամանակ կազմում էր շուրջ 1,3 մլրդ դոլար։ Մինչ այդ նա Forbes 400 վարկանշային ցուցակի մշտական մասնակից էր։ Սակայն ամուսնալուծության պատճառով կորցրեց իր ունեցվածքի գրեթե կեսը և դուրս մնաց ցուցակից։ 2008թ․-ին նա ամուսնացավ սցենարիստ և պրոդյուսեր Լեյսլի Դեմյոզի հետ։ Մեկ տարի անց նա մահացավ։ Իսկ Պատրիսիան մահացավ 2012թ․-ին։ Նրանց պատվին անվանակոչված 122 մլն դոլար արժողությամբ (ըստ 2016թ․-ի տվյալների) ֆոնդն աջակցում է բնապահպանական և տնտեսական տարբեր ծրագրերի։

Share