Բիզնես | 14:15 15/04/19

Սպայկայի տնօրենին կալանավորելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Բողոքը ներկայացվել է այսօր»,- ասաց Սարդարյանը:

Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: