Բաժին. Բիզնես

Ռուսաստանի 3 ամենախոստումնալից հայ երիտասարդ ղեկավարները

Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 30 ամենախոստումնալից ղեկավարներին, որոնք չեն բոլորել կամ նոր են բոլորել իրենց 30-ամյակը։ Հրապարակված ցուցակում տեղ են գտել ռուսաստանաբնակ մեր հայրենակից երիտասարդները։

Forbes-ի վարկանշային ցուցակում տեղ գտնել ցանկացող դիմորդների համար ամենաբարդ կատեգորիաներից մեկը կառավարումն է: Այստեղ խմբագրական և փորձագիտական խորհուրդը համախմբել է մասնավոր և պետական ոլորտի հաջողակ կառավարիչներին։ 30-ամյա սերնդի ներկայացուցիչներին հազվադեպ է հաջողվում բարձրանալ կորպորատիվ հիերարխիայի աստիճանով։ Հենց դրանով է պայմանավորված մեր թեկնածուների հաջողության կարևորությունը։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի 3 ամենախոստումնալից հայ երիտասարդ ղեկավարներին․

Ֆելիքս Խաչատրյան, 29 տարեկան

uBank

Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ Ֆելիքս Խաչատրյանը իր մասնակցությունն է ունեցել մի շարք ստարտափերի ստեղծման գործում, ինչպիսիք են՝ inTaxi-ն, uTalk-ը, Global Searching Systems-ը և uBank-ը։ uBank մոբայլ հարթակը հնարավորություն է տալիս կառավարել անձնական ֆինանսները և իր մեջ միավորում է ռուսական բանկերի անսահմանափակ թվով քարտերի, գումարային փոխանցումների և վճարման տարբեր ծառայությունների համար նախատեսված մոբայլ բանկ։  2013թ․-ի սկզբին ընկերությունը 8 մլն դոլարի ներդրում է ստացել Runa Capital-ի կողմից։ 2018թ․-ին Inventure Partners ֆոնդը ներդրում է կատարել  uBank-ի բլոկչեյն-ծրագրում։ Այժմ հավելվածը զարգանում է Совкомбанк-ի էկոհամակարգի շրջանակներում, տեղեկացրել է Forbes-ին Խաչատրյանը։

Հենրի Սարդարյան, 29 տարեկան

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (МГИМО)

ՄՀՄՊԻ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանն ուսումնամեթոդաբանական մասնագետի աշխատանքից հասել է մինչև ֆակուլտետի ղեկավարի պաշտոնին 9 տարում։ Հենրիի հետազոտական հետաքրքրությունների առարկան Իտալիայի քաղաքական համակարգն է: Սարդարյանը 2015թ․-ից դասավանում է Մաչերատայի իտալական համալսարանում՝ որպես հրավիրված դասախոս։ Նա քաղաքական գիտությունների թեկնածույի աստիճան ունի։

Ռաֆայել Աբրամյան, 30 տարեկան

Rambler Group

Մոսկվայի պետական համալսարանի, Ֆինանսական ակադեմիայի և Փարիզի բարձրագույն բիզնես դպրոցի շրջանավարտ Ռաֆայել Աբրամյանն իր կարիերան սկսել է Վլադիմիր Եվտուշենկոյի AFK Sistema ընկերության լրատվական բաժնում, իսկ ավելի ուշ զարգացրեց իր M&A գործարքների առնչությամբ հմտությունները խորհրդատվական հսկա PWC ընկերությունում։ 2012 թ․-ին տեղափոխվեց Ալեքսանդր Մամուտի կառույցներում աշխատելու․ սկզբում վերահսկում էր A&NN խմբի տեխնոլոգիական և ինտերնետային ակտիվները, ապա մասնակցել է «СУП Медиа» և «Рамблер-Афиша» ընկերությունների միաձուլմանը և մտավ միաձուլված կառույցի՝ Rambler&Co ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ։ Այստեղ Աբրամյանին հաջողվեց աշխատել նաև որպես գործադիր տնօրեն։ 2018թ․-ին նա դարձավ Rambler Group-ի կառավարման կոմիտեի անդամ։

Share