Բաժին. Բիզնես

Կառավարությունը հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ներկայացրեց պատգամավորներին

ՀՀ կառավարությունը հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագիծ է մշակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ապրիլի 18-ին Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:

«Հայաստանը 2017 թ. մարտից հանդիսանում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր: Այն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցելով՝ ստանձնել ենք մի շարք պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի սույն փաթեթով կարգավորվում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը»,- ասաց Բաղրամյանը:

Share