Բաժին. Բիզնես

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Երևանում ապրիլի 24-28-ը  կանցկացվի «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» միջազգային համաժողովը: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս համաժողովը, որի այս անգամվա թեման շրջակա միջավայրն է: Այն ներառում է մի շարք թեմաներ՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցելու համար կին ձեռներեցներ են ժամանելու 25 երկրից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» հայաստանյան նախագահ, ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է Հայաստանի բիզնես, զբոսաշրջային և մշակութային գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից:

«Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան» մի կառույց է, որը ստեղծվել է 1945 թվականին: Հայաստանը միացել է 2014 թվականին՝ ի դեմս Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Կին ձեռներեցների ցանցի: Մենք լիիրավ անդամ ենք և ունենք մեր ուրույն տեղն այս կառույցում: Արդեն 4 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք այնպես անել, որ համաժողովն այս անգամ անցկացվի Հայաստանում»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:

Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանող կին ձեռներեցները հնարավորություն են ունենալու ծանոթանալու մեր երկրի տնտեսական, զբոսաշրջային հնարավորություններին, մշակույթին:

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի աշխատանքային խմբի անդամ Ալին Մասրլյանը նշեց, որ այս համաժողովը լավ հնարավորություն է, որ հայ կին ձեռներեցները ներկայացնեն իրենց հնարավորությունները, բիզնես կապեր հաստատեն, նոր գործընկերներ գտնեն:

«Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն: Կլինեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Այսինքն՝ հարթակը ձևավորված է, մնում է գործարարները աշխատեն, նոր ոլորտներ գտնեն, կապեր ձևավորեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել, որ Հայաստանի կին ձեռներեցները մասնակցության հարցում ակտիվ լինեն»,-ասաց Ալին Մասրլյանը:

Կանանց  ձեռներեցության միջազգային համաժողովի աշխատանքային խմբի անդամ Արմենուհի Խաչատրյանը նշեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս 25 երկրի բիզնես ներկայացուցիչների հետ ծանոթանալ, կապեր հաստատել: Նա նկատեց, որ Հայաստան ժամանող կին ձեռներեցները ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ, նրանցից շատերն առաջատարներ են իրենց երկրում, իրենց տարածաշրջանում:

«Մենք Հայաստան ժամանող կին ձեռներեցներին ներկայացնելու ենք մեր երկրի մշակույթը, հետաքրքիր վայրերը, ինչը զբոսաշրջության տեսանկյունից շատ կարևոր է: Դրանից բացի, ներկայացնելու ենք ներդրումային հնարավորությունները»,-ասաց Արմենուհի Խաչատրյանը:

Համաժողովի շրջանակում նախատեսված ցուցահանդեսում լինելու է նաև վաճառք: Մուտքն ազատ է, ցանկացողները կարող են այցելել:

Share