Բաժին. Բիզնես

Վերաքննիչ դատարանն ավարտել է «Սպայկա»-ի տնօրենի կալանքը փոխելու հարցի քննությունը

«Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց   փաստաբան Կարեն Սարդարյանը:

«Որոշումը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 30-ին ժամը 10:30-ին: Գրավի չափ նշված չի, ընկերությունը պատրաստ է ցանկացած ողջամիտ գումար վճարել»,- ասաց Սարդարյանը:

Դավիթ Ղազարյանը կալանավորվել է 2019 թվականի ապրիլի 8-ին: 2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Share