Բաժին. Բիզնես

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարները սահմանվել է 5 դրամ/րոպե

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման ծառայությունների վճարները 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար  սահմանվել է 5 դրամ/րոպե `գործող 7,5 դրամ/րոպեի փոխարեն:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովից:

«Հաշվի առնելով փոխկապակցման ծառայությունների վճարների վերաբերյալ հանձնաժողովի նախաձեռնած համակողմանի քննարկումների արդյունքները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ՓԲ և «Յուքոմ» ՍՊ ընկերությունների միջև սույն թվականի ապրիլի 3-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ Հանձնաժողովի մայիսի 13-ի նիստում քննարկվել  և ընդունվել է որոշում, ըստ որի 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման ծառայությունների վճարները սահմանվեց 5 դրամ/րոպե (առանց ԱԱՀ-ի)`գործող 7,5 դրամ/րոպեի փոխարեն (առանց ԱԱՀ-ի):

Բացի վերոնշյալ գործընթացից, հուշագրի համաձայն նախատեսվում է նաև արդարացի և ողջամիտ փոխկապակցման վճարների սահմանման նպատակով, հիմք ընդունելով եվրոպական երկրներում ընդունված և կիրառելի սկզբունքներն ու մեթոդները, Հանձնաժողովում քննարկել միջազգային համեմատելի ցուցանիշների կիրառման (benchmarking) սկզբունքով փոխկապակցման վճարների հաշվարկման մեթոդաբանություն հաստատելու և այդ մեթոդաբանության հիման վրա 2020 թվականի հունվարի 1-ից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, ինչպես նաև շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվելիք փոխկապակցման նոր վճարներ սահմանելու հարցերը:

Միևնույն ժամանակ, հուշագրի կողմերը համաձայնել են գործադրել լավագույն ջանքերը 2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում փոխկապակցման վճարների հաշվարկման «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդաբանություն ներդնելու ուղղությամբ»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Share