Բաժին. Բիզնես

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը հայտարարում են «Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակի մեկնարկը

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) և Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների և պատանիների համար: Երկու գործընկերների տևական համագործակցության հերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-ից հասանելի կլինի Կենտրոնի պաշտոնական կայքում:

Այս կրթական նախաձեռնության նպատակն է կազմակերպել երեխաների և դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ առնչակից դարձնելով նրանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին: «Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երևակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն և տեղում կատարել առաջադրանքները:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տարաբնույթ նախագծերի օգնությամբ  վաղուց կոտրել է այն կարծրատիպը, որ թանգարան պետք է այցելել պասիվ դիտորդի կարգավիճակով: Այդպիսի նախագծերից մեկն էլ «Ստեղծիր քո շրջայցը» նորաստեղծ հարթակն է: Առաջադրանքների ինտերակտիվ բնույթը երեխաների համար ապահովում է ակտիվ մասնակցային միջավայր, որում նրանք ոչ միայն զուտ դիտում են արվեստի նմուշները, այլև վերարտադրում և վերաիմաստավորում իրենց տեսածը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գործընկերոջը՝ Beeline-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը: 

«Մենք միշտ կողմնակից ենք, որ ժամանակակից կրթությունը լինի հետաքրքիր և գրավիչ։ Վստահ եմ, որ դրան հասնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաներն են։ Այժմ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելն ու արվեստի նմուշներին ծանոթանալը երիտասարդների համար կարող է դառնալ անմոռանալի արկած», – նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մասն է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է «NASDAQ» և «Euronext Amsterdam» բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Share