Բաժին. Բիզնես

«Яндекс.Такси»-ի ղեկավար Տիգրան Խուդավերդյանը դարձել է «Яндекс» ընկերության գործադիր տնօրենը

«Яндекс» ընկերությունների խմբի նոր գործադիր տնօրեն է նշանակվել «Яндекс.Такси» ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը։ Ինչպես հաղորդում է «Яндекс»-ը՝ սա նոր պաշտոն է ընկերությունում, սակայն թե ինչի համար է այս նոր պաշտոնը, ընկերությունը չմանրամասնեց։ Իսկ ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Միխայիլ Պարախինը լքում է ընկերությունը։

Խուդավերդյանը «Яндекс» է եկել 2006թ․-ին։ Նա այդ թվում նաև գլխավորել է «Яндекс.Браузер» և «Яндекс.Навигатор» ծառայությունները։ 2015թ․-ին թոփ մենեջերը դարձավ «Яндекс.Такси»-ի գլխավոր տնօրենը։

«Տիգրանը շատ վաղուց է աշխատում ընկերությունում, գիտի ընկերությունը հինգ մատի պես և մեծ հարգանք է վայելում այնտեղ։Հաշվի առնելով, որ Տիգրանը իր ձեռքը կվերցնի ընթացիկ ղեկավարությունը գործադիր տնօրենի պաշտոնում, ես կարող եմ կենտրոնանալ ավելի ընդգրկուն ռազմավարական խնդիրների վրա», – ասել է «Яндекс» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը։

Խուդավերդյանի տեղը կգրավի Դանիլ Շուլեյկոն, որը զբաղեցրել է «Яндекс.Такси»-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա ընկերությունում աշխատում է 2015թ․-ից։

«Яндекс»-ի տեխնոլոգիական գծով տնօրեն և որոնողական համակարգի ղեկավար Միխայիլ Պարախինը 2019թ․-ի օգոստոսից լքում է պաշտոնը։ Նա ընտանիքի հետ տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ կշարունակի օգնել ընկերությանը՝ տնօրենների խորհրդի կազմում, հայտնեց ընկերությունը։

Միխայիլ Պարախինը «Яндекс»-ի տեխնոլոգիական տնօրեն էր դարձել 2015թ․-ին։ Մինչ այդ՝ 2014թ․-ի մարտից, նա վերահսկում էր ընկերության որոնողական համակարգը։ Մինչ Яндекс» ժամանումը Պարախինը 7 տար աշխատել է Microsoft-ում, որտեղ գլխավորել է Bing մուլտիմեդիայի որոնողական ծառայությունների ստորաբաժինը։

Արկադի Վոլոժը շարունակում է մնալ «Яндекс»-ի գլխավոր տնօրենը։ Ելենա Բունինան պահպանում է Ռուսաստանում ընկերության գլխավոր տնօրենի և մարդկային ռեսուրսների գծով տնօրենի պաշտոնները։ Գրեգ Աբովսկին շարունակում է աշխատանքը գործադիր և ֆինանսական տնօրենի պաշտոնում, ինչպես նաև իր վերահսկողության ներքո են գտնվում մի շարք բիզնես ուղղություններ և փորձնական նախագծեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share