Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների մոտ անհրաժեշտ հմտությունների զարգացմանը և ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն են ստանում ծանոթանալու աշխատանքային գործընթացին՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, ինչպես նաև ձեռք բերում աշխատանքային էթիկայի և կորպորատիվ մշակույթի վերաբերյալ գիտելիք: Նմանօրինակ փորձն օգնում է ավելի վստահ քայլերով կերտել սեփական կարիերան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի 2019 թվականի առաջին շրջանավարտներին: Այս անգամ հանրապետության տարբեր մարզերից և տարբեր բուհերից 32 ուսանող հնարավորություն էր ստացել մասնակցելու դասընթացներին: Ի թիվս այլ գիտելիքների, ուսանողները ձեռք են բերել բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության մի շարք հմտություններ, ծանոթացել ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք՝ ճկուն մարքեթինգային մոտեցմամբ հաճախորդին ներկայացնելու հմտություններին:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներից երեքը՝ Նելլի Թադևոսյանը, Հասմիկ Ալեքսանյանը և Լևոն Մկրտչյանը, ստացել են Samsung Galaxy SM-A305F/ A30 սմարթֆոն:

«Մեր ընկերությունը կարևորում է «VivaStart»-ը որպես կարևոր հարթակ՝ կարիերայի ուղին սկսող ուսանողների համար: Այս ծրագիրը մասնագիտական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդին հնարավորություն է տալիս դիտարկելու աշխատանքային գործընթացները՝ ներսից, ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ ու ձևավորելու որոշումներն ինքնուրույն կայացնելու, կողմնորոշվելու կարողություն: Դասընթացի կարևորագույն նպատակներից է նաև գործարար հաղորդակցության ունակությունների զարգացումը: Շնորհավորում եմ ձեզ և վստահ եմ, որ մեր ընկերությունում ձեռք բերած փորձառությունը կծառայի որպես կարևոր մեկնակետ՝ հաջողության հետագա ուղին կերտելու հարցում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share