Բաժին. Բիզնես

Հայուհիներ Քիմ Քարդաշյանը և Քերոլայն Ռաֆայելյանը՝ Forbes-ի ամենահարուստ կանանց վարկանշային ցուցակում

Ժամանակին զուգընթաց ավելի ու ավելի շատ կանայք են ստեղծում իրենց սեփական բիզնեսը։ Forbes ամսագիրը հանրությանն է ներկայացրել աշխարհի ամենահարուստ կանանց վարկանշային ցուցակը, որտեղ տեղ են գտել նաև գործարար հայուհիներ։

Ցանկի անդամների շարքում 21ից 82 տարեկան կանայք են, որոնց կարողության միասնական արժեքը կազմում է 81․3 մլրդ դոլար։ Forbes-ի այս ցուցակում գտնվելու հնարավորություն տրված էր 225 մլն դոլար և ավելի ունեցվածքի տիրապետող գործարար կանանց։

Երկրոդ տարին անընդմեջ շարքը գլխավորում է Դայան Հենդրիքսը, որը վերջին տարվա ընթացքում կարողությունը համալրել է 2․1 մլրդ դոլարով՝ շնորհիվ իր ABC Supply տանիքների արտադրությամբ զբաղվող ընկերության ռեկորդային 10․5 մլրդ դոլար արձանագրված վաճառքների։ 72-ամյա Հենդրիքսի կարողությունը գնահատվում է 7 մլրդ դոլար։

3․8 մլրդ դոլարով ցուցակը հաջորդում է 62-ամյա Մեգ Ուիթմենը։ eBay-ի նախկին գործադիր տնօրենն առանձնանում է  նորանոր հաջող ներդրումներով, որոնցից վերջինը 2018թ․-ին Immortals LLC ընկերությունն է:

Վարկանշային ցուցակի երրորդ տեղը զբաղեցրել է Little Caesars Pizza ընկերության համահիմնադիր Մարիան Էլիթչը 3․7 մլրդ դոլար կարողությամբ։

Հայուհի Քերոլայն Ռաֆայելյանը զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 520 մլն դոլար: Նա «Alex and Ani» ոսկերչական բրենդի հիմնադիրն է: Քերոլայնը հայ ներգաղթյալների թոռնուհի է: Նրա հայրը Ռոդ Այլենդում ամերիկյան դրոշով գնդասեղներ է պատրաստել: Այժմ Քերոլայնն այնտեղ ոսկերչական իրեր է պատրաստում:

Սոցցանցերի թագուհի, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 57-րդ տեղը 370 մլն դոլար կարողությամբ: Նրա եկամտի մեծ մասն ապահովում են կոսմետիկ միջոցների «KKW» Beauty ընկերությունը, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են ավելի քան 100 մլն դոլար:

Եվս մեկ ազդեցիկ կին թեև ոչ հայուհի Սերենա Ուիլիամսն է։ Ամերիկացի թենիսիստուհին Reddit-ի գործադիր տնօրեն հայազգի Ալեքսիս Օհանյանի կինն է։ Աշխարհահռչակ թենիսիստուհին իր 225 մլն դոլար կարողությամբ եզրափակել է Forbes-ի ամենահարուստ կանանց վարկանշային ցուցակը։ Իր Serena Ventures ներդրումային ֆոնդի միջոցով Սերենան վերջին 5 տարիների ընթացքում նա ներդրումներ է կատարել 34 ստարտափներում: Ընկերության պորտֆոլիոն գնահատվում է առնվազն 10 մլն դոլար։

Share