Բաժին. Բիզնես

Արման Պողոսյանն իրացման 58.35 մլն դրամի շեմը հատած ԱԱՀ վճարողներին շրջանառության հարկման դաշտ տեղափոխելը համարում է խնդրահարույց

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ուժի մեջ մտնելու պահին 58.35 մլն դրամ իրացման շեմը հատած տնտեսավարողները կշարունակեն գործել ավելացված արժեքի հարկման համակարգում: Այդ տնտեսավարողներին շրջանառության հարկման դաշտ տեղափոխելը խնդիրներ կստեղծի իրենց հետ գործարքի մեջ մտած կողմի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկմանն ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկմանը:

Պատգամավորը շրջանառության հարկման շեմը 115 մլն դրամ բարձրացնելը ողջունելի համարեց: « Բայց կան անձինք, ովքեր այս տարվա կեսին գերազանցել են 58 մլն դրամի շեմը՝ հասնելով 60 մլն դրամի, և նախկին օրենսդրության համաձայն հարկվում են ավելացված արժեքի հարկով: Բայց հնարավոր է, որ մինչ տարվա վերջ նրանց շրջանառության շեմը 115 մլն-ին չհասնի: Արդյունքում ստացվում է, որ նրանք տարեկան շրջանառությունում ունեն 115 մլն դրամից պակաս, բայց շարունակում են ավելացված արժեքի հարկ վճարել՝ համաձայն նախատեսվող փոփոխությունների»,- ասաց Սիմոնյանն ու նշեց, որ ներկայացված փաթեթում այդ հարցին որևէ լուծում չի տեսնում:

«Կա հիմնական պատճառ, որ ստիպում է մեզ չգնալ նրանց շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում չվերականգնելուն: Եթե որևէ մեկը հատում է 58.35 մլն դրամի սահմանագիծը, և ըստ այդմ համարվում է ավելացված արժեքի հարկ վճարող, նա ծառայություններ մատուցելիս դիմացի կողմին տալիս է ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի նշումով հաշվարկային փաստաթղթեր: Իսկ այդ մարդիկ իրավունք են ստանում դրանց հիման վրա օրենքով կատարելու հաշվանցումներ՝ այսինքն` ԱԱՀ-ի գումարի նվազեցումներ: Եվ եթե նրանց վերադարձնենք շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում, մենք խնդիրներ ենք ստեղծում նրա հետ գործարքի մեջ մտած կողմի համար, քանի որ նրանց էլ պետք է ասենք, որ ժամանակին կատարած հաշվանցումները պետք է վերաձևակերպեք ու որոշակի տույժեր կրեք»,-ասաց Պողոսյանն ու նկատեց, որ  այդ դեպքում լուծելով փոքր շրջանակի խնդիր՝ իրենք խնդիրներ կառաջացնեին մեծ շրջանակի համար:

Պողոսյանը նշեց նաև, որ խորհրդարանական լսումների և տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումների ժամանակվա դրությամբ չի եղել տնտեսավարող սուբյեկտ, որը հատել է 58.35 մլն դրամի շեմը: Նա տեղեկացրեց, որ օրենսդրության համաձայն, երբ մեկն այդ շեմը հատում է, պետք է համապատասխան հայտարարություն ներկայացնի հարկային մարմին: Եվ իրենք այդպիսի հայտարարություն չեն ստացել:

Սիմոնյանը նշեց, որ գիտի առնվազն 2 տնտեսավարող սուբյեկտի, որոնք հատել են այդ շեմը:

Պողոսյանը նշեց, որ 50 հազար շրջանառության հարկ վճարողների մեջ 2-ը մասշտաբային խնդիր չի:

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

Share