Բաժին. Բիզնես

Թեղուտ ՓԲԸ-ում վերսկսվել են աշխատանքները

Թեղուտ ՓԲԸ-ում վերսկսվել են աշխատանքները։ Այս պահին բացհանքում արդյունահանում են հանքաքարը և կուտակում՝ կատարվում են պայթեցման աշխատանքներ։

«Երեկ կատարել ենք առաջին պայթեցումը՝ հանքաքար հանելու համար։ Այսօր արդեն տեսում եք, որ հանքաքարը տեղափոխվում է չմշակված հանքաքարի պահեստ՝ ֆաբրիկա տեղափոխման նպատակով», – նշում է Թեղուտ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն։

Բացհանքի շահագորխման նպատակով ստացվել է շրջակա միջավայի նախարարության համապատասխան թույլտվությունը, իսկ ինչ վերաբերում է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքին, ապա այն հենց այնպես գործարկել չի կարելի։ Այստեղ աշխատող բոլոր համակարգերը պետք է նախապես ստուգված լինեն։ Նաև նախարարության կողմից պետք է ստացվի գործարկման թույլտվություն, որին այժմ սպասում են։

«Եթե ստանանք նախարարության թույլտվությունը, ապա հունիսի 25-ին ֆաբրիկան կգործարկենք՝ նախ դատարկ, իսկ հունիսի 26-ին արդեն նախատեսում ենք աշխատացնել այն բեռնված։ Հետո նորից կդադարեցնենք՝ ներսում մի շարք տեխնիկական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Բոլորս հույս ունենք, որ արդեն հուլիսի 1-ից ֆաբրիկան հանքաքար կընդունի և կանցնի իր բնականոն աշխատանքին։ Նախատեսում ենք հուլիսին ունենալ կես միլիոն տոննա արտադրանք», – ասում է Վլադիմիր Նալիվայկոն։

«Գաղտնիք չէ, Լոռի մարզի ամենամեծ գործատուն է Թեղուտ ՓԲԸ-ն, որը մշտապես տեղ է զբաղեցնում խոշոր հարկ վճարողների առաջատարների ցանկում», – նշում է Թեղուտ ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։

Այս պահին ընկերության աշխատակիցների թիվն արդեն գերազանցում է 700-ը։ Հուլիսին նպատակ կա այդ թիվը հասցնել մինչև 1000-ի։ Գործադիր տնօրենը նաև հայտնում է, որ իրենք հանդիպում են ունեցել Շնող համայնքի բնակիչների հետ և աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը տրվում է նշված համայնքի բնակիչներին և նախկին աշխատակիցներին։

Կարեն Ղազարյանը նաև նշում է, որ նախկին աշխատակիցներն իրենց դիրքերում վերականգնվում են նախկինում ստացած աշխատավարձի չափերով։

Մանրամասները տեսանյութում։

Share