Բաժին. Բիզնես

Հայաստանն ու Բելառուսը ՏՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն

Հայաստանն ու Բելառուսը ծանոթանում են միմյանց փորձին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մինսկում գտնվող «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցը լավ հնարավորություն է տեսնելու, թե երկրները տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ ինչ առաջընթաց են գրանցել: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական ընդգրկուն է: Երբ մենք խոսում ենք մրցակցային գործոնների մասին, ապա պետք է հստակ ասենք, թե որ ուղղության մասին է խոսքը: «Մինսկի տեխնոլոգիական կենտրոն»-ն ունի տպավորիչ ցուցանիշներ: Առաջին հերթին կառանձնացնեմ այն հանգամանքը, որ այնտեղ 500-ից ավելի ընկերություններ են գործում: Երկրորդը՝ այնտեղ կան իրական արտոնություններ: Եթե երկրում միջին եկամտահարկը 13-16 տոկոս է, նայած, թե ինչ գործունեության ոլորտ է, ապա այստեղ 9 տոկոս է: Ավելին, այստեղ ոչ ոք չի ասում, որ ՏՏ ոլորտի եկամուտը շատ է, եկեք ավելի շատ հարկենք, հակառակը՝ գնում է նվազեցում՝ խրախուսելով օտարերկրյա ներդրումները»,- ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Բելառուսում տեխնիկական ուղղվածության բուհերը տարեկան ունենում են ՏՏ մասնագիտությունների գծով 5-6 հազար շրջանավարտ: Եվ նրանք բոլորը պահանջված են մասնավոր ընկերություններում՝ անկախ նրանց առաջադիմությունից: Նրանց վստահվում է աշխատանք իրենց գիտելիքներին համապատասխան:

«Մի բան հստակ է՝ կրթական համակարգն ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում հետ է մնում տեխնոլոգիական զարգացումներից: Եթե լրջագույն ներդրումներ չարվեն համալսարանական ծրագրերում, ապա անջրպետ կառաջանա: Կոնկրետ մեր երկրում մոտ 3 հազար որակյալ կադրերի պակաս ունենք»,- ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը տեխնոպարկի ղեկավարությանը հրավիրել է Հայաստան: Դա լավ հնարավորություն է մանրամասն բելառուսական ընկերություններին ներկայացնելու Հայաստանի հնարավորությունները:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share