Բաժին. Բիզնես

Ներդրողները սկսել են հետևել բիզնես-ինքնաթիռների թռիչքներին` խոշորագույն գործարքները գուշակելու համար

Ներդրումային ֆոնդերը սկսել են օգտագործել կորպորատիվ ինքնաթիռների թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը, որպեսզի բոլորից շուտ տեղեկացվեն նախապատրաստվող խոշոր գործարքների մասին, հայտնում է Bloomberg Businessweek-ը։ Օրինակ՝ ամերիկյան  Occidental ընկերության ինքնաթիռի հետքերը թույլ են տվել եզրակացնել վերջինիս հետ Berkshire Hathaway ընկերության գործարքի մասին։

Ինքնաթիռների թռիչքներին հետևող ընկերությունները հեդջ-ֆոնդերին են սկսել տրամադրել այս տեղեկատվությունը, որպեսզի վերջիններս կարողանան կանխագուշակել խոշոր պայմանագրերի կնքման մասին։ Հրատարակչությունը օրինակ է բերում ամերիկյան Occidental Petroleum էներգետիկ ընկերության պատմությունը։

Ապրիլին Occidental-ին պատկանող Gulftream V ինքնաթիռօին նկատել են Օմահայի օդանավակայանում, որտեղ գտնվում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերության կենտրոնական գրասենյակը։ Nasdaq-ին պատկանող Quandl վերլուծաբանական ընկերությունը հայտնել է այդ մասին իր հաճախորդներին։ Ընկերության փորձագետները եզրակացրին, որ Occidental-ի ղեկավարությունը մեկնել է   Berkshire-ի հետ բանակցություններ վարելու, որպեսզի ֆինանսական օգնություն ստանա 38 մլրդ դոլար արժողությամբ Anadarko Petroleum-ը գնելու համար։ Երկու օր անց Բաֆեթը հայտարարել է, որ Berkshire-ը Occidental-ում 10 մլրդ դոլար է ներդրել, որպեսզի օգնի նրան գնել Anadarko-ն։

Quandl-ն միակ ընկերությունը չէ, որը հետևում է բիզնես-ինքնաթիռներին և փոխանցում ստացված ինֆորմացիան հեդջ-ֆոնդերին և մյուս ներդրողներին։ Անցյալ տարի, ըստ հրատարակչության տվյալների, Օքսֆորդի համալսարանը և Շվեյցարիայի գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հետևել են 30 տարբեր ընկերություններին պատկանող ինքնաթիռների թռիչքները։ Հետազոտողները պարզել են, որ այս տվյալներով հնարավոր էր գուշակել ընկերությունների 7 միավորման և կլանման գործարքներ։

«Կարծում եմ, որ այսպիսի տեղեկատվությունը չպետք է հանդիսանա ձեր ներդրումների իրականացման համար հիմնական տեղեկատվական աղբյուր. Սակայն այս աշխատանքը կարող է օգտակար լինել որպես օժանդակություն, նախազգուշացում այն մասին, որ ինչ որ բան է տեղի ունենում», – ասել է հետազոտության հեղինակներից Մեթյու Սմիթը։

Անհայտ է՝ արդյոք այդ տվյալները ներդրողներին առավելություն կտան, գրում է հրատարակչությունը։ Մի կողմից՝ այսպիսի տեղեկատվությունը դառնում է ավելի հասանելի, ուստի շատ ավելի մեծ ազդեցություն կունենա շուկայական գների վրա։ ԱՄՆ-ում նման տեղեկություն կարելի է ստանալ անմիջապես Դաշնային ավիացիոն վարչությունից: Բացի այդ, շատ ինքնաթիռնելում օգտագործվում է «ավտոմատ կախյալ հսկողության հեռարձակումը» տեխնոլոգիան։ Այն հաղորդում է ինքնաթիռի գտնվելու վայրի, մոդելի և արագության վերաբերյալ տվյալներ։ Ստացվում է՝ ցանկացածը, ով ունի «համապատասխան ալեհավաք», կարող է ստանալ այդ ինֆորմացիան և «գործնականորեն հետևել ողջ օդային երթևեկությանը»։

Միևնույն ժամանակ, մասնավոր ինքնաթիռների շատ սեփականատերեր զգուշորեն թաքցնում են իրենց թռիչքների մասին տվյալները։ ԱՄՆ-ի Ազգային բիզնես ավիացիայի ասոցիացիան նույնիսկ կառավարությանն է դիմել՝ այս ոլորտում հսկողություն իրականացնելու պահանջով։ «Բիզնեսմենը չպետք է զրկվի անվտանգության և գաղտնիության իր իրավունքից միայն նրա համար, որ նա ինքնաթիռ ունի», – ասել է ասոցիացիայի ներկայացուցիչ Դեն Հաբբարդը։

Share