Բաժին. Բիզնես

Համաշխարհային միլիոնատերերը տարվա կտրվածքով «աղքատացել» են 2 տրլն դոլարով

Տարածաշրջաններում տնտեսական աճի դանդաղեցմանը և ֆինանսական շուկաներում անկման ֆոնի վրա աշխարհի ամենահարուստ մարդկանց համախառն եկամուտը 2018թ.-ին 7 տարվա մեջ առաջին անգամ նվազել է 2 տրլն դոլարով, վկայում է Capgemini խորհրդատվական ընկերության World Wealth Report-ի զեկույցը։

Ընկերությունը վերլուծել է ավելի քան 1 մլն դոլար ակտիվ տնօրինող մարդկանց ունեցվածքների դինամիկան։ Միևնույն ժամանակ Capgemini-ն հարուստներին դասակարգել է 3 խմբի՝ 1-5 մլն դոլար կարողությամբ («հարևանցի միլիոնատերեր»), 5-30 մլն դոլար կարողությամբ («միջին միլիոնատերեր») և 30 մլն դոլարից ավելի կարողությամբ («գերմիլիոնատերեր»)։ 2018թ.-ի տվյալներով միլիոնատերերի ընդհանուր կարողությունը կազմել է 68,1 տրլն դոլար, իսկ նրանց թիվը՝ 18 մլն մարդ։

Հիմնական հարվածն իրենց վրա կրել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միլիոնատերերը (միլիոնատերերի համախառն եկամտի նվազեցումը այնտեղ կազմել է 1 տրլն դոլար)։ Անկման առաջամարտիկը Չինաստանն է. այնտեղ միլիոնատերերի ընդհանուր ունեցվածքը տարվա կտրվածքով նվազել է շուրջ 500 մլրդ դոլարով։ Մոտավորապես 500 մլրդ դոլարով էլ աղքատացել են Եվրոպայի միլիարդատերերը։ Աշխարհում միակ տարածաշրջանը, որը դրական դինամիկա է արձանագրել հարուստների թվաքանակի և ունեցվածքի ծավալի մասով  Մերձավոր Արևելքն է։ 2018թ.-ին միլիոնատերերի քանակն այնտեղ ավելացել է 6%-ով, իսկ նրանց համախառն եկամուտը՝  4%-ով։

Ըստ Capgemini-ի՝ ամբողջ աշխարհում հիմնականում նվազել է գերհարուստների ունեցվածքը, անկումը կազմել է 6%, սակայն հենց դա էր, որ երեք քառորդով ապահովել է 2 տրիլիոնանոց համախառն անկում։

Եթե առաջնորդվենք Capgemini-ի զեկույցներով, Ռուսաստանը արձանագրել է դոլարային միլիոնատերերի քանակի հաստատուն բարձր տեմպեր։ Օրինակ, 2016թ.-ի տվյալներով՝ դոլարային միլիոնատերերի թիվը Ռուսաստանում աշխարհում ամենաարագն է աճել՝ 19,7%-ով։ 2018թ.-ի տվյալներով՝ արդյունքները մի փոքր ավելի համեստ են. միլիոնատերերի քանակը 189 հազարից դարձել է 200 հազար, աճը՝ 6%։ Անցյալ տարի միլիոնատերերի ամենամեծ քանակն ունեցող 20 երկներում հարուստների թվաքանակն ամենաարագն է աճել միայն Սաուդյան Արաբիայում (+7%), Քուվեյթում և Բրազիլիայում (յուրաքանչյուրը +8%)։

Բացարձակ թվերով Ռուսաստանում քիչ միլիոնատերեր կան։ Այդ ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բրազիլիան և Նորվեգիան։ Առաջին տեղում է ԱՄՆ-ն, որտեղ ապրում են 5,3 մլն միլիոնատերեր։

Անցյալ տարվա ընթացքում բաժնետոմսերը կանխիկ դրամին զիջեցին իրենց տեղը՝ որպես միլիոնատերերի ակտիվների ամենախոշոր կատեգորիա։ Միլիոնատերերի համախառն ունեցվածքի 28%-ը գալիս է կանխիկով, մինչդեռ բաժնետոմսերով միայն 26%-ը։ Ունևորները անցնում են կանխիկի, քանի որ պատրաստվում են շուկայում սպասվող հնարավոր անկմանը, գրում է Capgemini-ն։ 2018թ.-ին արժեթղթերի շուկայի համաշխարհային կապիտալիզացիան նվազել է շուրջ 15%-ով, հիշեցնում են զեկույցի հեղինակները։

Հաջորդիվ ցանկում միլիոնատերերի ակտիվների կառուցվածքում բաժնետոմսերից հետո գալիս են եկամտաբերության ֆիքսման գործիքները (17,6%), անշարժ գույքը (15,8%) և այլընտրանքային ներդրումները, օրինակ, ներդրումները հեդջ-ֆոնդերում կամ ապրանքային ակտիվներում (13%)։

Share