Բաժին. Բիզնես

Beeline. ՀԱՀ-ում ամփոփվեցին «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ կազմակերպված Տվյալագիտության ամառային դպրոցն ավարտվեց՝ նախագծերի մրցույթում հաղթող թիմերի պարգևատրմամբ:

Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանում առաջին նմանատիպ միջոցառումն էր, որը հնարավորություն տվեց ամենատարբեր ոլորտների մասնագետներին ծանոթանալ տվյալագիտության հիմունքներին, առաջնային գործիքներին և տեխնոլոգիաներին և, օգտագործելով նոր ստացած գիտելիքները՝ իրագործել իրական տվյալներով նախագծեր:

Նախագծերը վերաբերում են տվյալագիտության կիրառման տարբեր ոլորտներին՝ թղթադրամի ավտոմատ ճանաչում, աշխատակիցների շարժի կանխատեսում, արվեստի նմուշների վերլուծություն, դեղամիջոցների անվան որոնումների վերլուծություն, քաղցկեղի բուժման լավագույն ծրագրի վերհանում, տուրիստական հաստատությունների մեծածավալ վերլուծություն, և այլն: Տվյալագիտության ամառային դպրոցի ուսանողներն այս խնդիրների լուծումները նախագծել են մեծ տվյալների բազաների և ժամանակակից մեքենայական ուսուցման ալգորիթմական մեթոդներով:

Մասնակցող 14 խմբերն իրենց թիմային նախագծերը ներկայացրել են հեղինակավոր ժյուրիի դատին և ընտրվել են առավել ազդեցություն, բարդ տեխնիկական լուծում և լավագույն գործառնական հատկանիշներ ունեցող նախագծերը:

Հաղթող ճանաչվել են. 1-ին տեղ՝ Recommender System with LightFM նախագիծը, որը ապրանքներ ու ծառայություններ է խորհուրդ տալիս, 2-րդ տեղ՝ Employee Churn Prediction նախագիծը, որը կանխատեսում է ընկերությունն լքելուն հակված աշխատակիցներին: Երրորդ տեղում է TripAdvisor հարթակում առկա տվյալների կլաստերային և սենտիմենտ վերլուծություն կատարող նախագիծը: Ամառային դպրոցի հովանավորներ Beeline-ի և ամառային դպրոցի մյուս գործընկեր Webb fontaine-ի կողմից հաղթող թիմերը արժանացան դրամական պարգևների:

«Ես Կարին Մարկիդեսն եմ՝ ՀԱՀ նախագահը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար: Տվյալագիտության ամառային դպրոցը շատ կարևոր նախաձեռնություն է: Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու տեսական և գործառնական գիտելիքներ, ինչպես նաև միավորվելու և համատեղ աշխատելու: Մենք հուսով ենք, որ ապագայում ևս կշարունակվի այս համագործակցությունը ակադեմիկ հատվածի և արդյունաբերության միջև», – ասաց ՀԱՀ նախագահ, դոկտոր  Կարին Մարկիդեսը:

«Մենք՝ որպես ՏՏ ընկերություն շատ լավ ենք հասկանում տվյալագիտության կարևորությունն ու անհրաժեշտությունը և ուրախ ենք տեսնել մասնակիցների հիանալի արդյունքները: Նման պրակտիկ դասընթացները շատ լավ միջոց են աշխատաշուկայի պահանջարկն լրացնելու մասնագետներով: Վստահ եմ, որ այս նախագծի մասնակիցները շուտով իրենց ներդրումը կունենան Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի և ոլորտի համար: Ներկայումս տվյալագետներն ամենապահանջված մասնագետներից են աշխարհում և այդ պահանջարկի աճն արդեն անխուսափելի է: Խթանելով ոլորտի զարգացումը կարևոր քայլ է ՀԱՀ կողմից», – նշել է ամառային դպրոցի դասախոսներից Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնական Հարություն Շահումյանը:

ՀԱՀ-ի կողմից կազմակերպած Տվյալագիտության ամառային դպրոցի շրջանակում հուլիսի 1-ից 14-ը ավելի քան 70 մասնակիցներ՝ ուսանողներ, գործող մասնագետներ, նրանք ովքեր անցնում են մասնագիտական փոփոխության միոջով, կատարեցին հետաքրքիր ճամփորդություն այն թեմաներով և ուղղություններով, որտեղ տվյալագիտությունն առավել մեծ ազդեցություն ունի:

Share