Բաժին. Բիզնես

Մասկի Neuralink ստարտափն առաջին անգամ ներկայացրել է գլխուղեղի և համակարգչի կապակցման իր տեխնոլոգիան

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կողմից 2017թ.-ին ստեղծված Neuralink ստարտափը Սան-Ֆրանցիսկոյում կայացած ներկայացման ժամանակ առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իր համալիր տեխնոլոգիան, գրում է Bloomberg Businessweek-ը։

Neuralink-ի առաջիկա նպատակն է կարողանալ չիպերի իմպլանտացիա իրականացնել պարալիզացված մարդկանց մոտ, որպեսզի վերջիններս կարողանան օգտվել համակարգչից և հեռախոսից՝ առանց ուղեղին վնաս հասցնելու՝ ի տարբերություն այժմ կիրառվող մեթոդների։ Վիրահատությունից հետո, ինչպես նախատեսում է Neuralink, մտքի ուժով կկարողանան «գրել» տեքստային հաղորդագրություններ և «թերթել» ինտերնետային էջեր։

Հեռավոր ապագայում, ինչպես կարծում է Neuralink-ը, միլիոնավոր մարդիկ կցանկանան կիբերնետիկորեն բարելավել իրենց օրգանիզմը և իմպլանտավորված չիպերի օգնությամբ հնարավորություն ստանալ, օրինակ, փոխանակվել «թվային» մտքերով կամ ուղեղ ներբեռնել անցանոթ օտար լեզու։ «Սա բավականին տարօրինակ է հնչում, սակայն վերջին հաշվով մենք կստանանք արհեստական բանականությամբ սիմբիոզ։ Այն պարտադիր չէ, դա ձեր ընտրությունն է, եթե ցանկանում եք։ Սա այն է, ինչը, ես կարծում եմ, քաղաքակրթության մասշտաբով կդառնա իսկապես կարևոր», — ասել է Մասկը ներկայացման ժամանակ։

Գործարարը նշել է, որ ուղեղի համար անվտանգ ինտերֆեյսի ստեղծման գործընթացը երկար ժամանակ կխլի։

Neuralink-ը մշակել է 4-ից 6 մմ հաստությամբ մարդու մազից զգալիորեն բարակ ճկուն «թելեր», գրում է The Verge-ը։ Նման չափը նվազեցնում է իմպլանտացիայի դեպքում ուղեղի՝ վնասվածքներ ստանալու ռիսկերը։ Էլեկտրոդներ պարունակող «թելերը», իմպլանտացիայից հետո կհետևեն ուղեղի ակտիվությանը և տվյալները կփոխանցեն ականջի հետևում գտնվող փոքրիկ սարքին։ Այդ սարքը տվյալները կփոխանցի համակարգչին։

Neuralink-ը մշակել է նեյրովիրաբուժական ռոբոտ, որը կարող է ավտոմատ կերպով մեկ րոպեում տեղադրել  6 «թելերը»։ Ռոբոտն օգտագործում է բարձրորակ օպտիկա, որն օգնում է նրան վիրահատության ժամանակ չվնասել արյան անոթները և նվազեցնել բորբոքային ռեակցիաների ռիսկը, նշում է Bloomberg Businessweek-ը։

Իմպլանտները հիվանդի գանգի մեջ պատրաստվում են տեղադրել 8 մմ-անոց 4 անցքերի միջոցով։ Դեռևս «թելերի» իմպլանտավորման տեխնոլոգիան պահանջում է հորատման անցքեր անել գանգի վրա, սակայն ապագայում ստարտափը ակնկալում է լազերներ օգտագործել և իմպլանտացիան իրագործել առանց անզգայացման։

Neuralink-ը հայտնել է, որ իրագործել է ավելի քան 19 վիրահատություն լաբորատոր առնետների վրա՝ վիրահատությունների 87%-ի դեպքում ռոբոտների միջոցով հաջողությամբ տեղադրելով «թելերը»։ Ընկերությունը ներկայացումներից մեկի ժամանակ ցույց է տվել փորձարարական առնետներից մեկին՝ USB-C լարը գլխին, որը համակարգչին տվյալներ էր փոխանցում կենդանու ուղեղի ակտիվության մասին։ Ինչպես պնդում է Neuralink-ը, նրան հաջողվել է հասնել տվյալների փոխանցման 10 անգամ  ավելի մեծ արագության, քան ներկայիս սարքերը:  Ըստ Bloomberg Businessweek-ի չհաստատված տեղեկատվության, ընկերությունը տեխնոլոգիան սկսել է փորձարկել պրիմատների վրա, սակայն ներկայացման ընթացքում նման փորձերի մասին չի խոսվել։

Արդեն մյուս տարի Neuralink-ը նախատեսում է կլինիկական փորձեր կատարել մարդկանց վրա։ Դրա համար ընկերությունը պետք է թույլտվություն ստանա ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի վերահսկման վարչությունից:

Այս պահին Neuralink-ին, որտեղ աշխատում են 100 աշխատակից, հաջողվել է ավելի քան 150 մլն դոլար  ներգրավել ներդրողներից՝ ներառյալ ավելի քան 100 մլն դոլար հենց Մասկից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share