Բաժին. Բիզնես

Սննդի առաքման ծառայություն մատուցող Menu Group հայկական ընկերությունը գնել է ուկրաինական Eda.ua-ը

Menu Group միջազգային ընկերությունը հայտարարել է ուկրաինական Eda.ua ագրեգատորի գնման մասին, որը նախկինում պատկանում էր Foodout Group ընկերությանը։ Գործարքի արժեքը չի բացահայտվել։

Eda.ua-ի թիմը կկցվի Menu Group-ի պատրաստի սննդի առաքման նոր ծառայությանը, որը ուկրաինական շուկայում կհայտնվի menu.ua բրենդով այս աշնանը։ Այսօր Eda.ua-ում աշխատում է 40 աշխատակից։

Menu Group-ը հիմնադրվել է Հայաստանում 2012թ.-ին և սկսել է իր գործունեությունը menu.am սննդի առաքմման ծառայությունից։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Ներկայումս ընկերությունը միավորում է սննդի առաքման ծառայություններ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 1000 աշխակից։ Տարվա վերջում ընկերությունը նախատեսում է հասնել 35 մլն դոլարի GMV-ի (ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալ) և արձանագրել 10 մլն դոլար կանխատեսվող եկամուտների ցուցանիշ:

Eda.ua-ն գնելը Menu Group-ին թույլ կտա պատաստի թիմով և փորձարարությամբ արագ ներթափանցել ուկրաինական շուկա։ Ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի խոսքերով՝ առաջիկա 2 տարիներին Menu Group-ը մտադիր է ուկրաինական նախագծի զարգացման համար նվազագույնը 100 մլն գրիվնայի կամ 4 մլն դոլարի համարժեք ներդրում կատարել։

Ոկրաինայում menu.ua-ն կաշխատի հիբրիդային մոդելով. ինքնուրույն պատրաստի սնունդ կառաքի Ուկրաինայի 10 քաղաքներ, ինչպես նաև կաշխատի որպես ագրեգատոր 29 քաղաքներում։

Քերոբյանի գնահատմամբ, ներկայումս պատրաստի սննդի առաքման ծառայությունների շուկայի ծավալը Ուկրաինայում կազմում է շուրջ 10-15 մլրդ գրիվնա և տարեկան աճում է 20-25%-ով։ Նման աճը կապում են մոբայլ ինտերնետ օգտագործողների քանակի արագ աճի հետ։ Բնակչության ավելի քան 60%-ը (25 մլն մարդ) օգտվում է ինտերնետից, նրանց 15-20%-ը (4-5 մլն մարդ) պատվիրում է սնունդը առցանց։

«Այժմ առցանց վաճառքները գեներացնում են ռեստորանների ընդհանուր շահույթի շուրջ 20%-ը, սակայն այս ցուցանիշը աճում է, քանի որ առցանց պատվերների հաճախականությունը արդեն 2-3 անգամ գերազանցում է այցելությունների քանակը», — նշում է Menu Group-ի հիմնադիրը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share