Բաժին. Բիզնես

13 տարածված սխալ, որ կարելի է հանդիպել հայկական բիզնեսում

Յուրաքանչյուր բիզնեսում՝ անկախ ոլորտից, կառավարման ձևից, հանդիպում են սխալներ, որոնք հատկապես ակնառու են փորձագետի համար: Ստորև առանձնացված է 13 ամենատարածված սխալները, որոնց կարելի է հանդիպել հայկական տարբեր բիզնեսներում:

13 տարածված սխալ, որ կարելի հանդիպել հայկական բիզնեսում․

1. Բիզնես՝ կառուցված մեկ անձի վրա

Բիզնեսը, որը կառուցված է մեկ անձի վրա, առավել խոցելի է: Ինչու՞ է այդպես:

Քանի որ գործունեությունը կախված է մեկ անձի բիզնես հմտություններից, նրա մոտեցումներից կամ այսպես կոչված մեկ “դիրիժյորից”, ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ անձը լինի ղեկավարը․ հայկական իրականության մեջ շատ հաճախ հանդիպում է նաև մենեջերի տարբերակը: Ի՞նչ ռիսկեր է պարունակում մեկ անձի վրա կառուցված բիզնեսը․ նախ անձի հեռանալուց հետո պարալիզացվում է ամբողջ համակարգը, խախտվում է բիզնես-գործընթացների բնականոն աշխատանքը, ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք ժամանակին ակնառու չէին և ծածկվում էին անձի կողմից:

2. Ինտուիտիվ կառավարում

Ինտուիտիվ կառավարումը բնորոշ է տարբեր մասշտաբի գործարարների, բայց այն դառնում է վտանգավոր, երբ ամբողջ գործունեությունը հիմնվում է ինտուիտիվ կառավարման վրա՝ առանց որևէ հաշվարկի, առանց վերլուծության, շուկայագիտական մոդելներով կանխատեսումների։

Բիզնեսն ինքնին պահանջում է սթափություն, նոր մտահղացումներ, կիրառված և հաջողված փորձի ուսումնասիրություններ: Իհարկե, ինտուիցիան երբեմն օգնում է, բայց ամբողջովին ինտուիցիայի վրա հիմնվելը հանգեցնում է վատ հետևանքների։ Անհրաժեշտ է պարբերաբար ընկերության տարբեր բաժիններում կատարել առանցքային վերլուծություններ, հասկանալ շուկայի տենդենցները, առաջարկել լուծումներ՝ հստակ աշխատող մեխանիզմներով:

3. Ստեղծել պրոդուկտ՝ առանց շուկայի ուսումնասիրության

Ստեղծել պրոդուկտ՝ առանց շուկայի ուսումնասիրության, տարածված սխալ է, որը թույլ են տալիս շատ տեղական ընկերություններ: Պրոդուկտի արտադրությունը կամ ներմուծումը՝ առանց տվյալ դաշտի բախման կետերին ծանոթանալու, առանց տվյալ ոլորտի սպառման ծավալներից տեղեկացված լինելու։ Նման մոտեցումը բիզնեսում հետագայում տանում է դեպի անկայունություն։

Յուրաքանչյուր պրոդուկտ կամ ծառայություն մինչև շուկա բաց թողնելը, տևական ժամանակահատված հարկավոր է թեստավորել, գնահատել շուկայի տարբեր աշխարհագրական հատվածներում գտնվող մրցակիցների աշխատանքը: Մեծ թվով ընկերություններ չէին կորցնի գումարներ, եթե ուսումնասիրեին շուկան, փորձեին հասկանալ իրենց սպառողի գնում կատարելու մոտիվները՝ մինչ պրոդուկտ ստեղծելը։

4. Շուկայում գերակա դիրք զբաղեցնելու դեպքում՝ մտածել, որ միշտ է լինելու այդպես

Տարածված խնդիր՝ հանդիպող բազմաթիվ հայկական բիզնեսներում: Գործարարը, մտածելով, որ շուկայում զբաղեցնում է գերակա դիրք, տևական ժամանակահատված ունենալով կայուն եկամուտ, կարծում է, որ միշտ է լինելու էդպես: Նման գաղափարով առաջնորդման հետևանքն է օրերից մի օր դիրքերի զիջումը: 

Իրականում, բիզնեսը սպառողի պահանջմունքներին համահունչ, օրգանիկ կերպով պետք է ենթարկվի փոփոխությունների։ Օրինակ՝ բազմաթիվ ռեստորատորներ հասկացել են այս իրողությունը և պարբերաբար ձևափոխում են ռեստորանի ինտերիերը, վերաթարմացնում մենյուն, վերանայում գնային քաղաքականությունը և այլն:

5. Ամբողջ գումարի ուղղում կամ ներդնում մեկ ուղղության մեջ

Ստանդարտ սխալ՝ հայտնի ոչ միայն լոկալ, այլ նաև գլոբալ շուկայում․ ամբողջ դրամական հոսքերի եկամուտների ուղղում մեկ կետի վրա: Նման դեպքում, սովորաբար գտնվելով անհաշվարկ՝ կորցնում են և՛ ներդրված գումարը, և՛ հետագայում զրկվում այլ զարգացող ուղղություններում ներդրումներ անելու հնարավորությունից: Օրինակ՝ ներմուծող կազմակերպությունը կարող է խոշոր գումար ներդնել մեկ անուն ապրանքի ներմուծման մեջ՝ առանց չափելու շուկայի հզորությունը կամ սպառողի ընկալումը:

6. Կարծել, որ մարքեթինգի վրա չարժե գումար ներդնել

Մեր օրերում դեռ կան կազմակերպություններ, որտեղ գտնում են, որ մարքեթինգի վրա չարժե գումար ներդնել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման կազմակերպությունները չեն դիմակայում ժամանակի մարտահրավերներին և շատ շուտ կորցնում են նույնիսկ իրենց ձևավորված հաճախորդներին: Մարքեթինգը յուրաքանչյուր կազմակերպության սիրտն է, չընդաթվող աշխատանք՝ առանց որի ապառման ծավալի կամ հաճախորդների աճ սպասելը անօգուտ է: Սպառողն այսօր ունի ընտրության լայն հնարավորություն և օգտվում է այն ծառայությունից կամ պրոդուկտից, որի մասին լսում  կամ տեսնում է հաճախակի: Մարքեթինգի վրա ներդրված յուրաքանչյուր լումա ունենում է բումերանգի էֆեկտ․ սա ժամանակով ապացուցված փաստ է:

7. Թիմի կամ անձնակազմի բարձր որակների բացակայություն

Յուրաքանչյուր կազմակերպություն՝ անկախ իր ոլորտից, ուժեղ է իր անձնակազմով, նրա որակական հատկանիշներով և պատրաստվածությամբ: Անձնակազմի յուրաքանչյուր անդամը կազմակերպության դեմքն է, իսկ նրանց բարձր պատրաստվածությունը՝ կազմակերպության հեղինակությունը: Շատ գործարարներ այսօր հասկացել են դա և մեծ տեղ են տալիս անձնակազմի որակների բարելավմանը՝ ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներով, թրեյնինգներով լրացնելով այդ բացը: 

8. Միկրոմենեջմենթով չափազանց տարվել

Հայկական բիզնեսում հաճախակի հանդիպող խնդիր է ղեկավարի կողմից միկրոմենեջմենթով չափազանց տարվելը և տոտալ բոլոր տեսակի հարցերում մասնակցություն ունենալը:

Միկրոմենեջմենթով չափից դուրս չտարվելու հակադարձ ֆորմուլան է յուրաքանչյուր կրկնվող բիզնես-գործընթացում կոմպենտենտ անձի նշանակումը և գործառույթների բաշխումը այնպես, որ գործընթացները ֆիլտրվեն, սահմանվեն խնդիրների չափանիշներ, և վերադասին հասնեն միայն այն հարցերը, որոնք անձնակազմից նշանակված անձը իզորու չէր լուծելու:

9. Չունենալ «թարգեթ» կամ չճանաչել սպառողին

Յուրաքանչյուր ապրանքային խումբ կամ ծառայություն ունի իր սպառողի կատեգորիան, սեգմենտը: Հայտնի տարածված սխալ է պրոդուկտը ստեղծելուց հետո նոր ուսումնասիրել շուկան, սպառողին, սպառողի գնման մոտիվները կամ ստեղծելուց հետո նոր փնտրել իրացման կետեր: Իրականում ճիշտ հակառակն է պետք անել:

10. Պատրաստ չլինել բիզնեսի վաճառքին կամ գլոբալ շուկա դուրս գալուն

Այն դեպքում, երբ բիզնեսը սահուն քայլերով ընթանում է առաջ՝ ամրացնելով դիրքերը շուկայում, ռեգիոնալ տարածում է ստանում, ոլորտում զբաղեցնում է թոփ դիրքեր, ապա պետք է զուգահեռաբար մտածել բաժնեմասային հատվածներ սահմանելու, գլոբալ շուկա դուրս գալու և ընկերության զարգացմանը համընթաց ֆոնդային փաստաթղթաշրջանառությունը զարգացնելու մասին՝ պատրաստ լինելով ամեն պահի արժեթղթերի թողարկմանը կամ նոր սեփականատիրոջ փոխանցմանը: Բազում հայկական ընկերություններ, տեխնիկապես պատրաստ չլինելով վաճառքի կամ բիզնեսի ընդլայնմանը, կորցրել են տվյալ պահին գործունեությամբ հետաքրքրված ներդրողներին:

Չունենալ գնահատված բիզնես, չիմանալ բիզնեսի արժեքը թվերով նոնսենս է, որին կարելի է հանդիպել շատ տեղական ընկերությունների մոտ:

11. Տեսլականի բացակայություն

Տեսլականի կամ “Vision”- ի բացակայությունը հանդիպում է հիմնականում փոքր և միջին ընկերությունների մոտ: Տեսլականից բխում է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը, հստակեցվում են քայլերը, որոնցով պայմանավորված է հաջողությունը:

12. Անկառավարելի ֆինանսներ կամ ֆինանսիստի բացակայություն

Տոտալ հանդիպող խնդիր․ գործարարը կամ ընկերությունը, ունենալով հաշվապահ, որը հիմնականում աշխատում է հեռահար, կարծում է, թե ողջ ֆինանսական հոսքերը կառավարվում են: Իրականում հաշվապահը հիմնականում կարգավորում է օրենքով սահմանված հաշվարկները և գրանցումները, իսկ ֆինանսիսիտի առկայությունը և նրա կողմից պարբերաբար խորհրդատվությունը միայն ուժեղացնում է գործարարին:

13. Զերծ մնալ «սմարթ» լուծումների կիրառումից

Յուրաքանչյուր կազմակերպությունում հնարավոր է ավտոմատացնել բազմաթիվ գործառույթներ, որոնք նախկինում խլում էին ժամանակ, օրինակ՝ հաշվետվությունները, թվերի համեմատումը, հաճախորդների հոսքերի կառավարումը, ապրանքների պատվերների հավաքագրումը և այլն: Այսօր բիզնեսը դարձել է առավել ավտոմատացված, և շնորհիվ բազմաթիվ գործիքների հնարավոր է անգամ սմարթֆոնով հեռահար կառավարում իրականացնել: Օրինակ՝ CRM համակարգի միջոցով․ այն տրամադրում է թե՛ ավտոմատացման, թե՛ կառավարչական լայն հնարավորություններ և դարձել է ժամանակակից բիզնեսի արդյունավետ աշխատանքի բաղկացուցիչ մասը:

Հոդվածն ամբողջությամբ պատրաստեց մարքեթոլոգ, կորպորատիվ վաճառքների և բիզնեսի զարգացման մասնագետ Արթուր Խաչատրյանը, ով հիմնել է երեք գործող կազմակերպություն, կոորդինացրել 20-ից ավելի կազմակերպության մարքեթինգն ու վաճառքները:

Share