Բիզնես | 10:19 08/08/19

Նիկոլ Փաշինյան. Հայաստան-Արցախ ռոումինգի սակագները կնվազեն մինչև 30%

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման միջոցով հայտնել է Հայաստան-Արցախ ռոումինգ ծառայությունների գների նվազման մասին։

«Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝

- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,

- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,

- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,

- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Beeline» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում», - գրել է վարչապետը: